Եթե ասեիք, որ Արցախը ճանաչելու եք Ադրբեջանի մաս, քանի՞ մարդ ձեզ կընտրեր. Հարց՝ Փաշինյանին

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին հորդորել են հեռանալ՝ հեռանալ ոչ միայն պաշտոնից, այլև քաղաքական դաշտից:

«Նախկինում ես ասում էի, որ ձեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, հիմա պնդում եմ՝ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում: Արդյո՞ք հիմա ունեք այդ համարձակությունը, պատասխանատվություն վերցնել Ձեզ վրա, ինչպես որ նշել էիք Դուք՝ Դուք եք համար մեկ պատասխանատուն, և հեռանաք։ Հեռանալ նկատի չունեմ հրաժարականը, հեռանալ նկատի ունեմ ընդհանրապես քաղաքական դաշտից հեռանալը, քանզի այժմ Հայաստանն է զոհասեղանին դրված»,- նշել է հայ համայնքի ադման Սամվել Լուլուկյանը:

Փաշինյանն՝ ի պատասխան ասել է, որ շատ քաղաքական ուժեր կան, որ իրենից պահանջում են հեռանալ, սակայն իրենք մանդատ են ստացել ժողովրդից:

 «Մենք դա չենք կարող անել պարզ պատճառով, որովհետև մենք ժողովրդից ստացել ենք իշխանություն, մանդատ և եթե մենք ուղղակի հեռանանք, ո՞ւմ ենք թողնելու այդ մանդատը»,- նշել է նա:

Հայ համայնքի ներկայացուցիչը հակադարձել է Փաշինյանին՝ նշելով. «Դուք մանդատ չեք ստացել Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում: Եթե դուք գնայիք ընտրությունների և ասեիք, որ Արցախը ճանաչելու եք Ադրբեջանի կազմում, քանի՞ մարդ ձեզ կընտրեր»:

Մանրամասները՝ տեսանյութում: