Առանց Հայաստանի ՀԱՊԿ-ը չի քանդվի, չի փլուզվի. Լուկաշենկո
Մինսկը ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալու մասին հայտարարություններ չի ստացել, հետևաբար երկիրը պետք է մնա կազմակերպության անդամ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ամենակարևորը, մենք որևէ պաշտոնական ծանուցում չենք ստացել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից»,-ընտրատեղամասում խորհրդարանի և տեղական խորհուրդների ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողներին ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, ՀԱՊԿ երկրները «բացարձակ հանգիստ» կարձագանքեն համապատասխան հայտարարությանը։
«Եթե նրանք չեն ցանկանում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»,-ընդգծել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը հավելել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշում կայացնել ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ։
«Հայաստանում իշխանության համակարգը նույնը չէ, ինչ Բելառուսում, Փաշինյանը չի կարող որոշում ընդունել մտնել կամ դուրս գալ, այնտեղ խորհրդարանն է որոշում»,-ասել է նա։
Նա հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել, կտրուկ շարժումներ չանել և «ձեռքն ընկածը չկորցնել»։
«Հեշտ է հեռանալը: Բայց հետո դժվար կլինի ներս մտնել: Դուրս գալու կարիք չկա, ինչ-որ բան սառեցնելու կարիք չկա», — ասաց նա:
Լուկաշենկոն կարծում է, որ Փաշինյանը հուզական հայտարարություն է արել. «Կարծում եմ՝ Նիկոլը պարզապես շտապեց և զգացմունքային հայտարարություն արեց»: