Հարցվածների միայն 10.2 տոկոսն է կարծում է, որ արցախյան էջը պետք է թերթել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար

Հայաստանը պետք է ձգտի վերականգնել վերահսկողությունը Արցախի տարածքում։ Այսպես է կարծում ՀՀ քաղաքացիների 21.5 տոկոսը եւ միայն 10.2 տոկոսն է կարծում, որ արցախյան էջը պետք է թերթել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ 33.3 տոկոսը կարծում է, որ Հայաստանը պետք է ստեղծի պայմաններ արցախցիների արժանապատիվ վերադառնալու համար, 29.5 տոկոսը կարծում է, որ պետք է սպասել ավելի հարմար ժամանակահատվածի, որպեսզի ապագայում նորից Արցախյան հարցը բարձրացնի։
Հուլիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում կատարված հարցման ընթացքում քաղաքացիներից հետաքրքրվել են նաև, թե արդյոք Հայաստանը պետք է անդամակցի ԵՄ-ին։ Հարցվածների 34.2 տոկոսը կարծում է, որ միանշանակ պետք է անդամակցել, 22.5 տոկոսը պատասխանել է, որ ավելի շուտ՝ այո, պետք է անդամակցել։ 13.7 տոկոսը պատասխանել է ավելի շուտ՝ ոչ, 19.1 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ ոչ։
Այս հարցին զուգահեռ հնչել է նաև հարց՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ։
Հատկանշական է, որ երբ հնչել է հարց, թե արդյոք Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և սկսի ԵՄ-ին անդամակցելու գործընթաց՝ դրական պատասխանների դինամիկան նվազել է։ Հարցվածների միայն 28.8 տոկոսն է պատասխանել՝ միանշանակ այո, 17.3 տոկոսը պատասխանել է ավելի շուտ՝ այո։ 15.6 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ ոչ, և 21.4 տոկոսը պատասխանել է միանշանակ՝ ոչ։