Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում արդեն վերականգնվել է շուրջ 400 կմ ոռոգման ջրանցք

Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում արդեն վերականգնվել է շուրջ 400 կմ ոռոգման ջրանցք, լրագրողներին ասաց հիմնադրամի ներկայացուցիչ Էրլան Ալիասկարովը։

Համակարգի արդիականացման նախագծի նախապատրաստումը սկսվել է 2013 թվականին, բուն աշխատանքները` 2017 թ.։ Հիմնադրամը 40 մլն դոլար է հատկացրել որպես արտոնյալ վարկ, ևս 10 մլն դոլար՝ ՀՀ կառավարությունից։ Գործընթացն առնչվել է հանրապետության գրեթե բոլոր մարզերին, սակայն աշխատանքների մեծ մասն իրականացվել է Կոտայքի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում։

Ծրագիրն ամբողջությամբ նախատեսում են ավարտել 2025 թվականի ամռանը։ Դա 35 հազար հեկտարով կավելացնի ոռոգելի հողատարածքները և կխնայի էլեկտրաէներգիայի սպառումը տարեկան 14,4 մլն կՎտ/ժ-ով։ Նոր ենթակառուցվածքը կարող է ծառայել 10-15 տարի։