1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակի փոփոխությունները

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ այդմ, առաջին հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը վճարել է 64 մլրդ դրամի հարկ: Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնապատկել է մուտքերը, անցած տարի վճարել էր ընդամենը 34,7 մլրդ դրամի հարկ:

Երկրորդ հորիզոնականում է Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը վճարել է 32,3 մլրդ դրամի հարկ: Հատկանշական է, որ այս ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում 19.9 մլրդ դրամ վճարած հարկերով գլխավորում էր 1000 խոշոր հարկատուների ցանկը, իսկ նախորդ տարվա առաջին 6 ամիսներին վճարել էր 15,8 մլրդ դրամ և միայն 6-րդ հորիզոնականում էր։

Այս տարվա 6 ամիսների ցուցանիշներով երրորդ հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիան»՝ վճարած 27,6 մլրդ դրամի հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը երկրորդն էր՝ վճարելով 30,6 մլրդ դրամի հարկ:

4-րդ հորիզոնականում «Գրանդ Տոբակոն» է՝ վճարած 23,6 մլրդ դրամի հարկերով: 2023-ի 6 ամիսներին ընկերությունը վճարել էր 20,2 մլրդ դրամի հարկ:

5-րդ հորիզոնականում վճարած 17,6 մլրդ դրամի հարկերով «Փրիթի Ուեյ»-ն է, որը նախորդ տարի 7-րդ հորիզոնականում էր՝ 15,7 մլրդ հարկերով:

6-րդ տեղում է «Ամերիաբանկն» է, որը վճարել է 17,5 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարի այս բանկը 4-րդ հորիզոնականում էր եւ վճարել էր 19,9 մլրդ դրամի հարկ:

7-րդը՝ «ՎԻՎԱ Արմենիան»-ն է՝ վճարած 10,7 մլրդ դրամ հարկային մուտքերով:

8-րդ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի «CPS էներջի գրուպն» է։ Եթե այս տարի ընկերությունը վճարել է 9,7 մլրդ դրամի հարկ, ապա նախորդ տարի այդ ցուցանիշը հասնում էր 11.3 մլրդ դրամի։

Առաջին 10 հարկատուների ցանկում ամենաթռիչքային աճ ապահոված ընկերությունը 9-րդ հորիզոնականում հայտնված «Սոֆթ կոնտրաստն» է՝ վճարած 9.3 մլրդ դրամի հարկերով, այս ընկերությունը նախորդ տարվա առաջին 6 ամիսներին միայն 21-րդ հորիզոնականում էր՝ վճարած 5.6 մլրդ դրամի հարկերով։

1000 խոշոր հարկատուների առաջին 10-յակը եզրափակում է «Սիթի»-ն, որն այս տարի վճարել է 9.2 մլրդ դրամի հարկ։ Նախորդ տարի ընկերությունները միայն 15-րդ հորիզոնականում էր՝ վճարած 7.3 մլրդ դրամի հարկերով։

Նշենք նաև, որ նախորդ տարվա համեմատ 10 առաջատարների ցանկը լքել է «Արդշինբանկը», որը այս տարի միայն 21-րդ հորիզոնականում է, բանկի հարկային մուտքերը կտրուկ նվազել են, եթե նախորդ տարվա առաջին 6 ամիսներին բանկը վճարել էր 18.9 մլրդ դրամի հարկ, ապա այս տարի մուտքերը կազմել են միայն 5.9 մլրդ դրամ։

Աղբյուր` Փաստինֆո