Կառավարությունը նվազեցնում է Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում ծրագրի միջոցառումներից 2.7 մլրդ դրամ, գումարի մի մասը կուղղվի ԲՏԱ նախարարության աշխատակիցների պարգևատրումներին

ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսում է նվազեցնել «1 220 Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրի միջոցառումներից 2.7 մլրդ դրամ։ Նախագծի համաձայն՝ կրճատված միջոցներից 2 մլրդ դրամն ուղղվելու է «11 018 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրում» միջոցառմանը, 25 մլն դրամը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանման ծախսերի շրջանակում «պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածին, 7 մլն դրամ՝ «արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածին, 3.5 մլն դրամ՝ Նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին, ևս 674.5 մլն դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նշված միջոցառումներից նվազեցման համար հիմք են ընդունվել 2024 թվականի առաջին կիսամյակի կատարողական արդյունքի ցուցանիշները:

«11 018 Պետական աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին» միջոցառման տարեկան ֆինանսական հատկացումները ևս 2 մլրդ դրամով ավելացումը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 2328-Լ որոշման պահանջներից:

2024 թվականին ըստ նախնական հաշվարկների՝ նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն թվով 40 կազմակերպությունների: Առաջին փուլով հատկացվել է 1,5 մլրդ դրամ, երկրորդ փուլով՝ 2 մլրդ դրամ: Նկատի ունենալով, որ կազմակերպությունների թիվն արդեն հաստատված է ՀՀ 2024թ. պետական բյուջեով, ֆինանսական հատկացումների ավելացումը չի հանգեցնում ոչ ֆինանսական արդյունքների փոփոխությանը, քանի որ ֆինանսական միջոցների ավելացումը ենթադրում է աջակցության տրամադրում միևնույն կազմակերպությանը՝ տարբեր հաշվետու ժամանակաշրջանների համար:

Նախագծի ընդունմամբ 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդը կավելանա 677մլն 796 հազար դրամով: Նվազեցվող ծրագրերին հետագայում ավելացումներ չեն սպասվում:

Որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի Ռազմարդյունաբերություն մասի դրույթներից: