Բաքուն Հայաստանից ակնկալում է փոխհատուցում՝ տարածքներ՝ գումարի փոխարեն. Փաստինֆո

Բաքուն արդեն փորձում է հող նախապատրաստել՝ Հայաստանի առաջ տարածքային զիջումների պահանջ ներկայացնելու համար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցում են խաղաղության շրջանակային սկզբունքների շուրջ։

Նա նշել է, որ բանակցությունները կոնկրետ հարցերի, այդ թվում՝ սահմանների և հաղորդակցությունների շուրջ, կշարունակվեն ավելի ուշ, իսկ հետո կանցնեն հումանիտար հարցերին և օկուպացիայի համար Հայաստանի քաղաքական պատասխանատվությանը։

Զուլֆուգարովը նաև ասել է, որ եթե Հայաստանը չհամաձայնի փոխհատուցում վճարել, Ադրբեջանը կարող է դիմել միջազգային դատարան։ Տարածքային փոխհատուցման տարբերակը նույնպես հնարավոր է, եթե Հայաստանը չկարողանա վճարել պահանջվող գումարը՝ ասել է նա։

Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ընդգծել է, որ միջազգային պրակտիկան ներառում է տարածքային բանակցությունների դեպքեր, ինչպես դա եղավ Չինաստանի և ԽՍՀՄ-ի միջև։

«Եթե Հայաստանը տեսնում է, որ փոխհատուցման պահանջվող չափն անհասանելի է, ապա տարածքային փոխհատուցումը կարող է քննարկվել բանակցությունների միջոցով։ Միջազգային պրակտիկայում բանակցություններ են եղել տարածքային հարցի շուրջ։ Օրինակ՝ Չինաստանը, որը ցանկանում էր ելք ունենալ դեպի ծով Հեռավոր Արևելքում, ԽՍՀՄ-ին առաջարկեց փոխանակել հողի մի մասը։ Այսինքն՝ միջազգային պրակտիկայում նման դեպքեր կան։ Բայց նախ այս թեման պետք է բարձրացվի»,- հայտարարել է Զուլֆուգարովը։

Աղբյուր` Փաստինֆո