Մենք պարտավոր ենք պատասխանել Իրանին և կանենք դա. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկնել է բալիստիկ հրթիռային հարձակման համար Իրանին հակահարված տալու իր խոստումը՝ ասելով, որ Իսրայելը պարտավոր է պատասխան հարված հասցնել և կանի դա։ Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:
Ելույթ ունենալով Թել Ավիվում գտնվող Կիրիայի ռազմական շտաբից՝ Նեթանյահուն ասել է. «Աշխարհի ոչ մի երկիր չի ընդունի նման հարձակում իր քաղաքների և քաղաքացիների վրա, և Իսրայելը բացառություն չէ: Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պաշտպանվելու և պատասխանելու այդ հարձակումներին, և կանի դա»:
Երեքշաբթի գիշերն Իրանի կողմից ավելի քան 180 բալիստիկ հրթիռների հարձակումը որոշակի վնաս է հասցրել Իսրայելին, այդ թվում՝ իսրայելական ավիաբազաներին։
Օրերս Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ներկայում քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածելն այն բանից հետո, երբ Թեհրանը երեքշաբթի գիշերը 181 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: