Պետք է դադարեցնել Միքայել Սրբազանի հասցեին վիրավորանքները, ես դա ընդունում եմ որպես ինձ ուղղված. Բագրատ Սրբազան
Շատ մեծ հարգանք ունեմ Միքայել Սրբազանի նկատմամբ, ինչպես միշտ ասել եմ, նա իմ ուսուցիչն է, մեծ երախտիքով եմ վերաբերվում։ Գնահատականների իմաստով մեկնաբանության չեմ տա։
Հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ և երրորդ նախագահների ստվերն է և ուրվականը։
«Անկախ նրանից՝ կհամաձայնվեն Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից և վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով, բոլոր տեղերում, Միքայել Սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք, անարգանք անձնապես ընդունում եմ որպես ինձ ուղղված։
Որքան էլ գաղափարապես, մարտավարությամբ տարբեր ընկալումներ, մոտեցումներ լինեն, մենք չենք կարող նմանվել այն մարդկանց, ոհմակին, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում վիրավորել, անարգել, լուտանքներ են թափել որևէ հոգևորականի, ի մասնավորի, իմ հասցեին, մենք չենք կարող նմանվել նրանց։
Մայր Աթոռի, մեր եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միքայել Սրբազանի, թե այլ հոգևորականների հասցեին արված որևէ վիրավորական արտահայտություն ընդունում եմ անձնապես ինձ ասված։ Դա դատապարտելի է»։