Հայաստանի ուկրաինացման սցենարներից մեկը. Նատալյա Սաղիյան
Հայաստանի ուկրաինացման սցենարներից մեկը.
Վերջին շրջանում փորձագիտական համայնքում շատ է շրջանառվում Հայաստանի ուկրաինացման թեզը: Մասնավորապես՝ ՛՛զիջումներ խոստումների դիմաց՛՛ հայտնի բանաձևով պետության ինքնիշխանության ոչնչացման պարադիգմայի շրջանակներում:
Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության պայմանագիր = Ուկրաինայում հեղաշրջում, գրում է Forbes-ը
Հոդվածի հեղինակ Մելիք Քայլանի կարծիքով՝ «ՆԱՏՕ-ն տարածքի դիմաց» բանաձեւի վրա հիմնված խաղաղության համաձայնագիրը մեծ ռիսկեր է պարունակում Ուկրաինայի և անձամբ Զելենսկու համար։
«Զելենսկին ստիպված է ժամանակավորապես զիջել տարածքները՝ ՆԱՏՕ-ին միանալու խոստումների դիմաց։ Երբ գործընթացը սկսվում է, բանակի ուլտրաազգայնական տարրերը ապստամբում են և հեղաշրջում են իրականացնում Զելենսկու դեմ՝ Դոնբասը և Ղրիմը «հանձնելու» համար», — նկարագրել է հեղինակը հեղաշրջման սցենարը:
Դրանից հետո Արևմուտքը կդատապարտի պետական հեղաշրջումը` հետ մղելով ռազմական պուտչիստներին, գրում է Քայլանը։ Այդ պահին ուկրաինական լրատվամիջոցները կլցվեն Արևմուտքի դավաճանության մասին պատմվածքներով և այն մասին, թե ինչպես է նա ոչ բավարար աջակցություն ցուցաբերում և օգտագործում Ուկրաինային, այն որպես խամաճիկ օգտագործելով: Զելենսկիին կսկսեն քննադատել իշխանությունը իր ձեռքում կենտրոնացնելու համար, դրանից բխող բոլոր հետևանքներով:
Սա Ուկրաինայի մասով:
Իրականում, այս սցենարը շատ հավանական է, որ իրականացվի նաև Հայաստանում:
Մեր աչքի առաջ Արևմուտքը Հայաստանի օրվա իշխանությանը համոզեց /թե ինչի դիմաց, պատմությունը ցույց կտա/ ճանաչել Արցախն ու Բերձորի միջանցքը Ադրբեջանի մաս, բայց չկարողացավ /կամ չցանկացավ/ Ալիևից ստանալ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում:
Այսօր Հայաստանի իշխանությանը հակում են ամեն գնով ստորագրել ՛՛խաղաղության պայմանագիր՛՛, որի առաջին շահառուն կլինի Բայդենի ադմինիստրացիան, օգտագործելով այն նախընտրական քարոզարշավի ընթացքում որպես ԱՄՆ խաղարար առաքելության վառ ապացույց /դե ՈՒկրաինայում իրենց հաղթանակը, մի տեսակ, չի ստացվում, Իսրայելի վարչապետին այնքան էլ հեշտ չի հակել ինչ-ր համաձայնության, նա շատ թանկ գին է ուզում դրա դիմաց, միակ հեշտ համաձայնվողը Հայաստանն է/: Հաջորդ շահառուն ինքը Փաշինյանն է, ով այդ խաղաղության թղթիկը կօգտագործի գալիք ԱԺ ընտրություններին ընդառաչ և կվաճառի էլեկտորատին քվեների դիմաց:
Վերևը նկարագրած ուկրաինական սցենարով, չի բացառվում, որ ՛՛խաղաղության՛՛ թղթիկի ստորագրումից և նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո Հայաստանում կակտիվացվեն ուլտրաազգայնամոլները, որոնց ձեռքերով էլ կիրականացվի իշխանափոխություն: Այնուհետև, Արևմուտքը վերջիններին էլ կպիտակավորի որպես ոչ ժողովրդավար, կդելեգիտիմացնի իրենց և, այդպիսով, կդիստանցավորվի այդ ուժերից, միաժամանակ գործարկելով ՛՛չափավոր՛՛ ախորժակներ ունեցող արևմտամետ ուժերն իշխանության բերելու սցենարը: Կարճ ժամանակում երկու իշխանություն փոխելով, Հայաստանի քաղաքական դաշտը ամբողջությամբ կվերափոխվի: Այստեղ կունենանք եգիպտական սցենարի մի մասի իրականացում, երբ Հոսնի Մուբարաքը հեռացվեց իշխանությունից, իրեն 2011-ին փոխարինեց ազգայնական /՛՛Մուսուլման եղբայրների՛՛ կողմից առաջադրված և Էրդողանի հետ կապ ունեցող/ Մուհամմադ Մուրսին, որին իր հերթին իշխանությունից հեռացրեցին 2013-ին ռազմական հեղաշրջման միջոցով:
Նկարագրված քաղաքական գործընթացների արդյունքում կձևավորվի քաղաքական մի կոնֆիգուրացիա, որի շրջանակներում Հայաստանում էլ չեն խոսի ոչ Արցախի, ոչ էլ Ադրբեջանի կողմից զավթած շուրջ 200 քկմ ՀՀ սուվերեն տարածքների մասին: Կլինի նոր իրականություն, միջանցքով /միջանցքներով/, Թուրքական վերահսկողությամբ /որը մեզ կմատուցեն որպես անվտանգության երաշխիք/ և մնացած հետևանքներով:
Իհարկե, սա միայն սցենար է: Սակայն հաշվի առնելով քարոզչության համար Արևմուտքից հատկացվող հսկայական գումարները, ողջամիտ է եղթադրել, որ պատրաստվում է լրատվական դաշտը տոտալ վերահկողության տակ վերցնելու ծրագիր: Միայն այդ պարագայում է հնարավոր իրականացնել վերը նկարագրված սցենարը: Այստեղ հաշվի չեն առնվում սույն սցենարի իրականացմանը հակազդող մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: Այդուհանդերձ, այս սցենարի մասնակի իրականացումը իրատեսական է:
Նատալյա Սաղիյան
Փորձագետ