«Փաստ». Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը»

Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի ունեցավ Կազանում՝ ԲՐԻԿՍ համաժողովի համատեքստում, և սպասվում էր, որ Բուդապեշտում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովը ևս կարող է առիթ դառնալ, որպեսզի երկու երկրների ղեկավարները հանդիպեն։ Բայց Ալիևը չմեկնեց Բուդապեշտ՝ պատճառ բերելով իր զբաղվածությունը։ Ու մինչ Մակրոնի հետ շփման ընթացքում Փաշինյանը վերահաստատում է Հայաստանի մոտեցումը, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանից սպառնալից հռետորաբանությունը նոր ընթացք է ստանում։

Օրերս ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց պայմանագրի շուրջ իր առաջարկները, ու դրա ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ Հայաստանին մեղադրելով, այսպես ասած, «խաղաղության գործընթացի հաջող ավարտին» խոչընդոտելու մեջ։ Ապա Հայաստանին սպառնաց Ադրբեջանի ԱԽՔ-ը՝ նշելով, որ եթե պետք լինի, Ադրբեջանը կարող է Հայաստանին ուժով ստիպել խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ բռունցքն իր տեղում է։ Շատ չանցած սպառնալիքների ու հոխորտանքների հերթական շարքն է սկսվում Ալիևի կողմից։ Նա նշում է, թե Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից ու դադարի սպառազինություններ ձեռք բերելուց, քանի դեռ ուշ չէ։

Վերջինս իր ելույթներում փորձում է այնպես ներկայացնել, թե Ադրբեջանը ոչ միայն Հայաստանին է հաղթել, այլև Հայաստանի հետևում կանգնած երկրներին, որոնք իբր թե Ադրբեջանի դեմ դավադրություններ են հյուսում՝ ըստ երևույթին, առաջին հերթին նկատի ունենալով Ֆրանսիային։ Բայց Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքները չեն խանգարում, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ձևացնի, թե ինքը հավատարիմ է խաղաղության գործընթացի շարունակությանը և ամեն ինչ անում է դրա համար։ Պատահական չէ, որ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում նշել էր, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն COP-ի ավարտից հետո։ Ուշագրավ է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց՝ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված: