Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան

Վերջին օրերին մենք հետևում ենք Փաշինյանի արած հայտարարութոյւններին ԼՂ հարցի շուրջ: Նրա վերջին հայտարարությունն այն էր, որ իբր 1994 թ-ից ԼՂ-ի շուրջ ընթացող բանակցությունները միտում են ունեցել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Իհարկե, այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իր մեղքերը քավելու, իր սխալներն արդարացնելու նոր դրսևորում է: Ղարաբաղի կորստից հետո, նույնիսկ պատերազմից հետո ինքը մտել էր այս գործընթացի մեջ՝ արդարացման, որ առավել խորացրել է  մեր խնդիրները, և այսօր այդ արդարացման գործընթացը բոլորովին նոր դրսևորում է ստացել, և Փաշինյանն իր առաջ խնդիր է դրել այս հարցը բերել ընդհանուր արդեն հանգուցալուծմանը: Այս մասին տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ինչքան միջազգային հանրությունն ավելի  հաճախ է խոսում ԼՂ հարցի շուրջ, այնքան Փաշինյանի մոտ կարծես սրվում են այս արդարացման դրսևորումները: Դրանք, կարծես, Փաշինյանին հանգիստ չեն տալիս, որովհետև նա ուզում է այս հարցը փակի: Եվ այդ ճանապարհին նա վերջերս մարտահրավեր նետեց նախկին նախագահներին՝ հանրային բանավեճի մեջ մտնել իր հետ: Նախագահները մերժել են այդ հրավերը:

Ես 1992թվականից եղել եմ ԼՂ-ի բանակցությունների առաջին գծում, սկզբում որպես շարքային դիվանագետ, հետո ինձ վրա պարտականություն է դրվել բանակցությունները վարել: Այնուհետև 1994 թվականին նշանակվել  եմ ԱԳ փոխնախարար և շարունակել եմ լինել գլխավոր բանագնաց, այնուհետև եղել եմ ԱԳ նախարար, վարել եմ այդ բանակցությունները: 2008-ին հասցրել եմ բանակցային իր գագաթնակետին և ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը, որտեղ առաջին անգամ լինելով՝ ամրագրվում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դա հաստատվում է  միջազգային հանրության կողմից: Դա մեջ հաջողությունն էր: