Ուշագրավ որոշում հայ-ադրբեջանական հանդիպումից առաջ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին կայացրել է հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հարցերով Հայաստանի հանձնաժողովի կազմում փոփոխության մասին որոշում: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հանձնաժողովի կազմում է ընդգրկվել գեներալ Ալեքսանդր Ցականյանը, որը եղել է Հայաստանի բանակային երրորդ կորպուսի հրամանատար, իսկ հետո նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳԾ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:
Ընդ որում՝ Ալեքսանդր Ցականյանը գեներալի կոչում ստացավ Տավուշի մարզի Կիրանցի հատվածում իրականացված սահմանազատումից հետո: Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումը, որով գեներալ Ցականյանն ընդգրկվում է հանձնաժողովում, առավել ուշագրավ է դառնում այն ֆոնին, որ դա, փաստորեն, տեղի է ունենում առաջիկա օրերին սպասվող հայ-ադրբեջանական հանդիպմանն ընդառաջ:
Ինչպես հայտնի դարձավ օրեր առաջ, հունվարին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների նոր հանդիպում: Դրա ընթացքում հավանաբար քննարկվելու է սահմանազատման գործընթացի այսպես ասած նոր հատվածի հարցը: Թեմային օրեր առաջ անդրադարձել էր Հայաստանի ԱԳ նախարարը, որն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցերին, ասել էր, թե սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ քննարկումներում Երևանն ու Բաքուն չեն անդրադառնա այսպես կոչված անկլավ-էքսկլավների խնդրին:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ իր կարծիքով, առավել նախընտրելի է շարունակել գործընթացը այնպիսի հատվածներից, որոնց վերաբերյալ կողմերը չունեն տարբեր մոտեցումներ և առավել դյուրին կլինի շարունակության վերաբերյալ համաձայնությունը: Թեև Միրզոյանը շեշտել էր, որ այդուհանդերձ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովները կորոշեն, թե որ հատվածը լինի այսպես ասած գործընթացի շարունակություն: Ամիսներ առաջ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հնարավոր էր համարել, որ Կիրանցից հետո սահմանազատումը շարունակվի Սյունիքի որևէ հատվածում:
Բոլոր դեպքերում, նոր հանդիպումից և հնարավոր որոշումից առաջ Հայաստանի վարչապետը հանձնաժողովի կազմում է ներառում գեներալի՝ Ալեքսանդր Ցականյանին, որը գործնականում մասնակցել է Կիրանցում տեղի ունեցած գործընթացին, իհարկե, ոչ հանձնաժողովի անդամի կարգավիճակում: Այդ փո՞րձն է Նիկոլ Փաշինյանը համարում կիրառական, որ հանձնաժողովի կազմ է ներառում գեներալ Ցականյանին, թե՞ ընդհանրապես շոշափվելիք հարցերի տրամաբանությունը, որը պահանջում է գուցե գեներալի աստիճան ունեցող զինվորականի մասնակցություն:
