Քեֆին ապրել. ինչո՛ւ է Փաշինյանը փոխում սոցիալական երաշխիքների համակարգը

Հայաստանի իշխանությունները խստացնում են հարկային համակարգը: Հասկանալի է, որ անարդյունավետ քաղաքական որոշումների ֆոնին աղքատացած գանձարանը պետք է թափով համալրել ու ցանկալի է՝ հասարակ քաղաքացիների հաշվին: Բայց բյուջետային խնայողության «մսաղացում» կարող են հայտնվել նաև մեզ համար կարևոր սոցիալական երաշխիքները: Իհարկե, Փաշինյանը փորձում է քողարկել հերթական ոչ պոպուլյար որոշումներն ու զբաղվում է իր մշտական գործով՝ հասկացությունների խեղաթյուրմամբ:

Երկրի գլխավոր հեռուստաալիքին տված ծավալուն հարցազրույցում Փաշինյանը հրապարակորեն հայտարարել է հարկային նվազեցումների համակարգի ընդլայնման մասին: Այդպես՝ բոլոր նրանց, ովքեր մանրակրկիտ կլրացնեն ու կներկայացնեն 2025 թվականի հայտարարագրերը, տարբեր ուղղություններով կվերադարձվի շուրջ 70 մլրդ դրամ: Բայց Փաշինյանն անմիջապես նաև զգուշացնում է. գումարը կփոխհատուցեն ոչ բոլորին ու ոչ միանգամից: Վճարումները կհասնեն նրանց, ովքեր վճարել են եկամտահարկը՝ միաժամանակ ունենալով թափանցիկ ու օրինական վաստակ: Խնդիրն այն է, որ այժմ իշխանություններից ստացած ցանկացած արտոնություն հարկային բեռը խստացնելու դիմաց յուրատեսակ շպրտված ողորմություն է լինելու: Այդպիսին է համընդհանուր հայտարարագրման հակառակ կողմը:

Հասկանալի է, որ հարկեր վճարելը քաղաքացիների կարևորագույն պարտականությունն է, բայց պետությունն այդ մեխանիզմը չպիտի վերածի եկամտահարկից մանկապարտեզի վճարի վերադարձի տեսքով նվազագույն ինդուլգենցիաներ տվող տնտեսական խեղդօղակի: Մեզ հիմարացնելու՝ Փաշինյանի խորամանկ ծրագիրը կարող է ձախողվել, երբ բոլորը հասկանան ֆիսկալ բեռի իրական ծանրությունը։

Մեր գործարարներն արդեն զգացել են, թե ինչպես է սեղմվում տնտեսական խեղդօղակը, որն իշխանությունները բարեփոխում են կոչում։ Փոքր բիզնեսի ներկայացուցիչները բողոքի են դուրս եկել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով չեղարկել վաճառքի հարկի բարձրացումը: Հունվարի 1-ից այն 5 տոկոսից դարձել է 10 տոկոս։ Բյուջետային ծակերը փակելու այս մեթոդը «իրական» Հայաստանի բնակիչներին բացարձակ դուր չի եկել։

Նիկոլի նոր Հայաստանում ամեն ինչ լավ է, ամեն ինչ՝ ճիշտ, բայց ժողովուրդը, չգիտես ինչու, դժգոհ է: Վարչապետն անգամ մեր աշխատավարձերը միանգամից 70 տոկոսով բարձրացրեց, ինչպես ինքն է վստահեցնում: Բայց մենք, չգիտես ինչու, դա չզգացինք: Ի տարբերություն փաշինյանական չինովնիկների, որոնց աշխատավարձերն ու պարգևավճարներն իսկապես աճել են:

Փաշինյանը հետքայլ արեց նաև գենդերային հավասարության հարցում: Մեկնաբանելով ուժային կառույցների ղեկավար պաշտոններում կանանց նշանակումը՝ Նիկոլը հայտարարեց, որ նշանակման առանցքային գործոնը մասնագիտական հմտություններն էին, այլ ոչ թե սեռը: Դրանք արևմտյան ձախլիբերալ օրակարգի փշուրներն էին, որոնք հօդս ցնդեցին Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գալուց հետո: Բայց վաշինգտոնյան ամեն ինչը կրկնօրինակելուն սովոր Փաշինյանը չի շտապում հրաժեշտ տալ այդ նարատիվներին՝ իր ոչ միանշանակ նշանակումներով շարունակելով նյարդայնացնել բանակին ու ոստիկանությանը։

Անհասկանալի է, թե ուժայիններին որքա՛ն են օգնել կիսաշրջազգեստով ղեկավարները, բայց պարզ է, որ շատ ոլորտներում գրագետ կառավարիչների պակաս կա: Փաշինյանը խոստովանեց, որ արդյունավետ վերակազմավորում պահանջող տրանսպորտային քաղաքականությունը գրեթե ձախողվել է: Այսօր հասարակական տրանսպորտի համակարգի ներդրման խնդիրն արդիական է տասնյակ գյուղերում ու ավաններում: Շատերն իրենց բնակավայրերից դուրս գալ չեն կարողանում ու քարտեզի մոտակա կետին հասնելու միակ տարբերակը տաքսի կանչելն է, ինչը գյուղացիների մեծ մասի գրպանին հասու չէ:

Ահա այսպիսի անմխիթար «իրական» Հայաստան է դուրս գալիս Նիկոլի անտաշ գրչի տակից: Բայց վարչապետին ամե՜ն ինչ դուր է գալիս: Դատելով նրա տրամադրվածությունից՝ մեր երկրին չմտածված որոշումների շարք է սպասվում՝ աչքն արևմտյան գործընկերներին ու ի շահ մերձակա հարևանների: «Իրական» պետության բանաձևից կարող է ջնջվել մի կարևոր բաղադրիչ՝ ժողովրդի բարեկեցությունը։ Մեզանից միայն հարկերի վճարում են ակնկալում. ահա և ողջ իրականությունը, որին բախվելու է յուրաքանչյուրը:

Արտակ Սարգսյան, քաղաքագետ