Ինչ միջոցներով է քաղաքապետ Ավինյանի ընտանիքը Նորք Մարաշում առանձնատուն գնել

Նորք- Մարաշ համայնքում մոտ երեք ամիս առաջ Ավինյանները եռահարկ առանձնատուն գնել: Կադաստրի կոմիտեի փաստաթղթերով՝ պաշտոնապես տան սեփականատերը քաղաքապետի մայրն է՝ Հասմիկ Խլղաթյանը:

Տան գնի մասին փաստաթղթերում տեղեկություն չկա: Լրատվամիջոցները տարբեր թվեր են հրապարակել՝ 500-ից մինչև 650 հազար դոլար:

Հրապարակված թվերը չափազանցված են, իրականությանը չեն համապատասխանում, «Ազատության» հետ զրույցում պնդեց քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը: Իսկ թե որքա՞ն են վճարել, նա հրաժարվեց ասել:

«Վերջապես կան քաղաքում շուկայական գներ ու հասկանալի է, որ նման տունը չի կարա էդ գնի լինի», — նշեց Արմեն Ավինյանը:

Տունը մոտ 300 քառակուսի մետր է, օժանդակ շինություն էլ կա, 730 մետր էլ հողատարածքն է: Ըստ փաստաթղթերի՝ առանձնատունը գնել են անցած նոյեմբերի 19-ին ու նույն օրն էլ գրավադրել «Բիբլոս» բանկում: Այսինքն՝ հիփոթեքային վարկով են գնել: Հիփոթեքային վարկն էլ այն պայմաններով է՝ ինչ շարքային քաղաքացիներին, շեշտեց քաղաքապետի հայրը:

Ըստ նրա՝ գումարի մի մասն է վարկ, մյուս մասը իրենց երկու բնակարաններն են վաճառել. — «Երկու հատ գույք եմ վաճառել մինչև այդ՝ հայրական տուն և այլն»:

Լուրեր հրապարակվեցին նաև, թե այդ առանձնատունը վաճառում են, Արմեն Ավինյանը հերքեց:

Քաղաքապետի ծնողները հայտարարագիր չեն ներկայացնում, քանի որ պաշտոնյայի հետ չեն բնակվում, նրանց ներկայացրած տվյալները հնարավոր չէ պաշտոնական հայտարարագրերով ստուգել: