ԱՄՆ-ը հավանություն է տվել Իսրայելին ավելի քան 7,4 մլրդ դոլարի ռումբեր եւ հրթիռներ վաճառելուն
ԱՄՆ-ը հավանություն է տվել Իսրայելին ավելի քան 7,4 մլրդ դոլարի ռումբեր եւ հրթիռներ վաճառելուն, որն ամերիկյան ատադրության զենքն օգտագործել է Գազայի ավերիչ հետեւանքներ ունեցած պատերազմում, տեղեկացրել է AFP-ը։
Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) տվյալներով՝ պետդեպարտամենտը 6,75 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագիր է ստորագրել ռումբերի, ուղղորդիչ սարքերի եւ պայթուցիկների վաճառքի մասին, ի հավելումն 660 մլն դոլար արժողությամբ Hellfire հրթիռների:
Ռումբերի առաջարկվող վաճառքը «բարձրացնում է Իսրայելի ունակությունը՝ դիմակայել ներկա եւ ապագա սպառնալիքներին, ուժեղացնում է նրա ազգային պաշտպանությունը եւ զսպող միջոց ծառայում տարածաշրջանային սպառնալիքների համար», նշվել է DSCA հայտարարությունում:
Հրթիռների վաճառքը «կբարձրացնի ներկա եւ ապագա սպառնալիքներին դիմակայելու Իսրայելի կարողությունը՝ ուժեղացնելով Իսրայելի ռազմաօդային ուժերի՝ Իսրայելի սահմանները, կարեւոր ենթակառուցվածքները եւ բնակեցված տարածքները պաշտպանելու ունակությունը», նշվել է հայտարարությունում:
