«Ումի՞ց ներողություն խնդրեմ». Ալեն Սիմոնյանը պատասխանել է Արցախի նախագահին

ԱԺ նախագահը պնդեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որևէ բան չի ասել:
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին առաջարկում է ոչ թե հրապարակային հայտարարություն անել, այլ հուզող հարցերով դիմել ԱԺ նամակների բաժին, հնարավոր է` ինքն արձագանքի։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` փորձելով սրբագրել իր երեկվա աղմկահարույց հայտարարությունները։
Փետրվարի 11-ին խորհրդարանի միջանցքում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանն արցախցիներին մեղադրեց չկռվելու և փախչելու մեջ` կրկնելով, որ պետք էր մնալ ու կռվել։ Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը կռվել է և Ղարաբաղին անհրաժեշտ զենք ու աջակցություն է տրամադրել: Այս հայտարարությունը բուռն քննարկման թեմա դարձավ հասարակության շրջանում, բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ արդեն դատապարտել են նրա ասածը։ Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջեց, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրի Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնա արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից։
«Թող նախ Շահրամանյանը պատմի՝ ինքը ոնց է ախրանիկներով կարողացել Արցախից դուրս գալ, իսկ մնացած գործընկերները չեն կարողացել: Ո՞նց է ստացվել, որ ինքն այստեղ է հայտնվել: Եվ հետո, եթե ինքն ինձ հարց ունի, ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, և ես կքննարկեմ և միգուցե կարող է և պատասխանեմ, որևէ այլ կերպ մեկնաբանելու կարիք չկա»,–լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ զղջո՞ւմ է իր երեկվա ասածների համար, Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որևէ բան չի ասել: