Եթե Բաքուն առանց ստուգումների ճանապարհ ստանա, կստացվի «միջանցք». փորձագետներ
Փորձագետները պնդում են՝ եթե իշխանությունը համաձայնի, որ ադրբեջանական բեռները Հայաստանի տարածքով անցնեն առանց ստուգումների, այդպես Բաքուն փաստացի կստանա իր պահանջած միջանցքը:
«Դե եթե մենք առանց ստուգումների թույլ ենք տալիս, որպեսզի Ադրբեջանը Նախիջևանից դեպի իր, այսպես ասած, արևմտյան շրջաններ, ինչպես ասվում է, մի խոսքով՝ եթե մենք թույլ ենք տալիս Նախիջևան-Ադրբեջան չստուգվող կապ, ապա դա նշանակում է, որ մենք դե ֆակտո տալիս ենք միջանցք», — «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
«Եթե լինի առանց ստուգումների, դա միջանցք է ենթադրում, այսինքն՝ ենթադրում է, որ սահմանը հատեցին, գնացին, նորից հատեցին, ու ոչ մի հսկողություն, ինչ-որ վճարներ և այլն չեղավ … Բայց այդ դեպքում տարօրինակ կլիներ, որ Բաքուն մինչև hիմա դրական արձագանք չի տվել», — իր հերթին, նշեց քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը:
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս շաբաթվա ընթացքում վերահաստատեցին Բաքվին անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու Երևանի պատրաստակամությունը, շեշտեցին՝ իրավական բոլոր ընթացակարգերը կպահպանվեն, բայց այդպես էլ ուղիղ չասվեց, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական բեռները կստուգվեն:
«Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող, այո, ցանկացած բեռ պիտի մի որոշակի, չասենք ստուգում, բայց վերահսկողության ենթարկվի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը պիտի իմանա, թե ինչ է իր տարածքով անցնում», — մասնավորապես ասաց Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
