ՌԴ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել հաղորդակցության կապուղին՝ երկու երկրների հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։

«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ն, Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել հետևյալ հարցերի շուրջ.

Աշխատել փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերականգնման ուղղությամբ։

Շարունակել շփումները երկու երկրների հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար։

Աշխատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը նախապատրաստելու շուրջ։

Քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանների խստացման ուղղությամբ Օբամայի սկսած գծի դադարեցման ուղղությամբ։

Կազմակերպել փորձագետների հանդիպում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտասահմանյան ներկայացուցչությունների աշխատանքի փոխադարձ խոչընդոտների վերացման քայլերը համաձայնեցնելու համար։

Համագործակցել Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերի շուրջ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի քաղաքացիների փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նախագահներն անդրադարձել են նաև այլ թեմաների՝ մերձավորարևելյան կարգավորում, Իրանի միջուկային ծրագիր, տնտեսության ոլորտում ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններ:
Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և հանդիպում կազմակերպել: Այս հեռախոսազրույցը բուռն քննարկման թեմա է դարձել։ Եվրոպական առաջատար քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները նույնիսկ սկսել են խոսել «Պուտինի և Թրամփի խաղաղության» մասին։