Այսօր Արցախ վերադարձի միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է․ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ եռակողմ փաստաթղթին վերադառնալու անգամ փոքր հնարավորությունն այսօր պետք է օգտագործել։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Այսօր արցախցիների Լեռնային Ղարաբաղ վերադարձի միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե Ադրբեջանն ասում է՝ «ճանապարհ», ուրեմն մենք շատ հանգիստ կարող ենք ասել, որ էդ ճանապարհն ընդամենը 1 կետ է այդ եռակողմ հայտարարության մեջ։ Եթե պատրաստ եք ամբողջովին վերադարձ այդ հայտարարությանը, ապա նստենք, քննարկենք։ Եվ սա միակ տեղն է, որից կարելի է բռնել, և ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ հետ բերել բանակցային գործընթացի մեջ»,- ասաց Քոչարյանը։
Կարծում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը վերադառնալու հնարավորություն տեսնում է, թեպետ հավանականությունը փոքր է, սակայն այս դժվար իրավիճակում պետք է նույնիսկ այդ փոքր հնարավորությունն օգտագործել։
«Չենք անում, իմ տպավորությամբ, որովհետև այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան էնտեղ, որովհետև համարում է, որ իր կյանքն ինչ-որ տեղ կարող է բարդացնել․ այնտեղ հարցեր կլինեն, կասեն՝ բա ինչու՞ չեք միջամտում, ինչու՞ չեք այս կամ այն քայլերն անում։ Իրենց համար ձեռնտու է երևի ամեն բան անել, որ ղարաբաղցիք Հայաստանում էլ չմնան։ Սկզբունք կա, չէ՞՝ нет людей, нет проблем»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Արցախում ադրբեջանական զորքերի հարձակումն ավիացիայի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ԱԹՍ-ների լայնածավալ կիրառմամբ սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան: Պաշտոնական տվյալների համաձայն ՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվել է 3822 զինծառայող և 75 քաղաքացիական անձ։ Եվս 201 մարդ անհետ կորել է։
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին հայտարարություն: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել յոթ շրջաններ (Ջաբրայիլ, Զանգելան, Կուբաթլի, Ֆիզուլի, Աղդամ, Քելբաջար և Լաչին), ինչպես նաև Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների մի շարք բնակավայրեր:
Երեք տարի անց՝ իննամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանի ՌՕՈւ-ն նոր ագրեսիա իրականացրեց, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված եղավ լքել իրենց տները: