Թուրքիայի օդանավակայանում թռիչքները դադարեցվել են չճանաչված օբյեկտի պատճառով
Թռիչքները դադարեցվել են թուրքական Գազիանթեփ օդանավակայանում չճանաչված թռչող օբյեկտի մասին հաղորդագրություններից հետո, տեղեկացրել է T24 թերթը։
«Ժամը մոտ 22.00-ին Գազիանթեփի օդանավակայանում օդաչուները մոտ 10 հազար ֆուտ բարձրության վրա տեսել են լուսարձակող անհայտ առարկա եւ իրավիճակի մասին հայտնել կարգավարներին։ Այն բանից հետո, երբ երկու օդաչուները հայտնել են ռադարների վրա չերեւացող օբյեկտի մասին, օդանավերի վայրէջքն ու թռիչքը դադարեցվել են օդանավակայանում»,- գրել է պարբերականը։
Թերթի տվյալներով՝ օբյեկտը կարող էր անօդաչու թռչող սարք լինել։
«Դեռեւս հստակ տեղեկություն չկա լույսի աղբյուրի մասին, սակայն հաղորդվում է, որ օդային երթեւեկությունը թռիչքների համար կվերսկսվի, երբ հայտնաբերվի օբյեկտը, որը, ենթադրաբար, անօդաչու թռչող սարք է»,- տեղեկացրել է թերթը:
