Մակրոնը խոստացել է շարունակել Ուկրաինայի հարցի եւ ԵՄ ինքնիշխանության քննարկումը առաջիկա օրերին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտնել է Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների մասին։ X-ում ամփոփելով բանակցությունները՝ նա խոստացել է շարունակել քննարկումներն առաջիկա օրերին։
«Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայում տեւական եւ կայուն խաղաղություն լինի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ դա կպահանջի Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների դադարեցում եւ Ուկրաինայի անվտանգության ուժեղ երաշխիքներ։ «Հակառակ դեպքում այս զինադադարը կավարտվի այնպես, ինչպես մինսկյան համաձայնագրերը»,- գրել է նա՝ խոստանալով ԱՄՆ, եվրոպական երկրների եւ Կիեւի հետ միասին շարունակել կարգավորման աշխատանքները։ «Ես այս քննարկումները կշարունակեմ առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- ավելացրել է նա։
Նա նշել է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սեփական անվտանգությանն ու պաշտպանունակությանը։
«Աշխատանքը կշարունակվի Եվրահանձնաժողովի առաջարկների հիման վրա՝ ինչպես Ուկրաինային աջակցելու, այնպես էլ մեր պաշտպանության ոլորտում զարգացման եւ ներդրումների վերաբերյալ։ Այս օրակարգը, որը սահմանվել է 2022թ. Վերսալի գագաթաժողովում, պետք է իրագործվի»,- ասել է Մակրոնը։
