Եվրամիությունն արձագանքել է Ջիդդայում անցկացված ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքներին
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքներին առնչվող հայտարարություն է արել։
«Ողջունում ենք Ջիդդայի այսօրվա լուրերը Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին, ներառյալ հրադադարի մասին համաձայնագրի առաջարկը և հետախուզական տվյալների փոխանակումը և Միացյալ Նահանգներից անվտանգության աջակցության վերսկսումը: Սա դրական զարգացում է, որը կարող է քայլ լինել դեպի Ուկրաինայում համապարփակ, արդար և տևական խաղաղություն։
Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է։ ԵՄ-ն պատրաստ է իր գործընկերների հետ միասին կատարել իր լիարժեք դերը գալիք խաղաղ բանակցություններում»,- ասված է Եվրոպական խորհրդի ղեկավարի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ջիդդաում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցություններ են վարել, որից հետո Կիևը համաձայնել է 30-օրյա հրադադարի, իսկ Վաշինգտոնը խոստացել է անհապաղ վերսկսել Ուկրաինային հետախուզական տվյալների և ռազմական օգնության փոխանակումը։
