Իրադարձությունները Սիրիայում դաս չեն դառնա հայերի համար. փորձագետ

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հայերի համար դաս չեն լինի Արեւմուտքի հետ հարաբերությունների առումով, որն աչք է փակում այն բանի վրա, թե ինչ են հիմա կազմակերպում այդ երկրում ահաբեկիչները, որոնց բերել է հենց Արեւմուտքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
Փորձագետը տարակուսանք է հայտնել, որ Բրյուսելում կոնֆերանսի հրավիրվում է ահաբեկիչ, որը Սիրիայում վայրագություններ է գործում խաղաղ բնակչության դեմ՝ արդեն սպանելով ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների։ Նա ենթադրել է, որ ալավիների եւ քրիստոնյաների դեմ վայրագություններից հետո Թուրքիայի հաջորդ զոհը կայսրություն ստեղծելու ճանապարհին կլինեն քրդերը, որոնց այժմ նախ զինաթափ են անում, որպեսզի կարողանան անել նույնը, ինչ արվեց հայերի դեմ 20-րդ դարասկզբին։
Քաղաքագետը չի բացառել, որ Միացյալ Նահանգները նրանց երկրորդ անգամ կհանձնի թուրքերին, ինչպես դա արվեց Թրամփի առաջին նախագահական ժամկետում։ «Անկարան թույլ չի տա, որ քրդերը Սիրիայում ինքնավարություն ստեղծեն, քանի որ դրանից հետո Թուրքիայի քրդերը կպահանջեն նույնպիսի արտոնություններ, ինչը նրա համար խնդիրներ կստեղծի»,- ավելացրել է Խաչիկյանը։
Նրա կարծիքով՝ Իսրայելն իր հերթին ԱՄՆ ձեռքերով ազատվել է իրեն անհարմար ռեժիմներից Իրաքում եւ Սիրիայում։ Նա ավելացրել է, որ Ադրբեջանին աջակցությունը 44-օրյա պատերազմում ուղղված էր Իրանի դեմ։