Բաբայան. Շատերի մոտ կա թյուր կարծիք, թե ինչ-որ շենք գրավելով` հարց կարող է լուծվել, ` բայց ոչ — Iravunk.com

Մենք նախ պետք է կարողանանք մարդկանց ուղեղներն ազատագրել նիկոլիզմից

Ներքաղաքական ստեղծված իրավիճակի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

— Lրացավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հազարերորդ օրը, եւ այս ընթացքում հազար ու մի փորձանքի միջով անցավ մեր երկիրը: Ըստ Ձեզ` գոնե հիմա պատերազում պարտություն կրած իշխանությանն ի վերջո կհեռացնի՞ ժողովուրդը:

– Երկու տարի անընդմեջ բարձրաձայնում էինք այն վտանգների մասին, որոնք առկա են, խոսում էինք, բացատրում, ելույթներ ունենում: Մարդկանց ինչ-որ մի մաս, որոնք արդեն իսկ մեզ նման էին մտածում, հասկանում էին, բայց կար մի ստվար զանգված, որոնք չէին պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը` նույն Արցախի խնդրի եւ այլ հարցերի հետ կապված: Իսկ հիմա այդ նույն մարդիկ մեզնից բարձր են գոռում, ու այս իշխանության հրաժարականը պահանջում: Սա արդեն իսկ ցուցիչ է, որ գոնե ինչ-որ մի փուլում մարդիկ սկսեցին հասկանալ, թե ինչ է կատարվում: Բայց խնդիրն այն է, թե ինչու այսօր դեռեւս բան չի փոխվում: Այո՛, շատ զարմանալի է, որովհետեւ չի կարող լինել կառավարություն, որ պատերազմում պարտվի` այն էլ այսպիսի խայտառակ պայմաններում, եւ շարունակի պաշտոնավարել: Աշխարհում պատմության նման փորձ ընդհանրապես չի եղել: Մինչդեռ այս իշխանությունն արել էր որոշակի հաշվարկներ եւ փորձում է ժամանակ շահելով, մոռացության տալով այն, ինչ տեղի է ունեցել, շարունակել իր քայլերը: Սակայն վերքերն այնքան խորն են, որ մեր հասարակությունը, հայ ժողովուրդը չի կարող ուղղակի աչք փակել այն ամենի վրա, ինչ կատարվեց: Իհարկե, կան մարդիկ, ում շահերից բխում է, որ այս ամենը մոռացության մատնվի, բայց այսօր, անկախ պիտակավորումից, անկախ գնահատականներից, այս կամ այն ուժին հարելուց ժողովուրդը միակարծիք է, որ պարտված ղեկավարությունը չի կարող շարունակել պաշտոնավարել: Այն կուսակցությունը, քաղաքական ուժը, որը 2018 թվականի ընտրություններում ձայն է ստացել եւ ձեւավորել է խորհրդարանում մեծամասնություն, այլեւս չի արտացոլում ժողովրդի մեծամասնության կարծիքն ու դիրքորոշումը: Սա տեսնում ենք բոլորս, այդ թվում տեսնում են եւ իրենք:

– Փողոցային պայքարով, ուժային տարբերակով, շենք-շինություններ գրավելով չստացվեց հեռացնել այս իշխանությանը: Ի՞նչ տարբերակով եք Դուք պատկերացնում:

– Շատերի մոտ կա թյուր կարծիք, թե ինչ-որ շենք գրավելով` հարց կարող է լուծվել: Բայց` ոչ: Մենք նախ պետք է կարողանանք մարդկանց ուղեղներն ազատագրել նիկոլիզմից, որպեսզի կարողանանք ազատագրվել նաեւ Նիկոլից: Այնպես որ, չեմ կարծում, թե ինչ-որ մի հիմնարկության դիմաց ցույց անելով, կամ այդ հիմնարկություն ներխուժելով որեւէ հարց է լուծվելու: Այսօր որոշակի չափով ադապտացիա է գնում ներկա իրողության հետ, եւ մարդիկ պետք է սկսեն գիտակցել, որ երեք տարի անընդմեջ այս կառավարող խունտան մեր երկիրը տարել է դեպի կործանման: Սա ամենացավալի, ամենախայտառակ, ամենավատն էր, ինչը կարող էր կատարվել: Եվ վտանգներ դեռեւս էլի կան, եւ կարող է ավելի անդառնալի ու դաժան խնդիրների առաջ կանգնել հայ ժողովուրդը: Դրա համար ոչ թե պետք է հայհոյել` անելով նույնը, ինչ իրենք էին անում 2018-ին, այլ շատ սառնասրտորեն, պրագմատիկորեն հարցեր բարձրացնել, թե որտե՞ղ են խնդրի լուծման իրենց պատկերացումները, որտե՞ղ են պարտված պատերազմում կազմակերպված չլինելու ապացույցները, որտե՞ղ է այսօր Հայաստանի ապագան, ինչպե՞ս են իրենք պատկերացնում: Դուք տեսա՞ք, թե օդանավակայանում ինչ էր կատարվում այս օրերին: Մարդիկ հոծ խմբերով չգիտեն ինչպես փախնեն Հայաստանից, տոմսերն առել են ու չեն կարողանում թռնել` ինչ-որ խնդիրների պատճառով: Հազարավոր մարդիկ տոմսեր են գնել, որ ուղղակի փախչեն երկրից: Այսինքն` հիմա ապրելու ենք մի երկրում, որտեղից մարդիկ փախչելո՞ւ են:

– Բայց չէ՞ որ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե «Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրը»:

– Իրենք արդեն ստեղծել են ամենավտանգավոր Հայաստանը: Իսկ հիմա երբ խոսում են երազանքների մասին, արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չէ, որովհետեւ ունենք դառը փորձ` զոհեր, ավերված պետություն, ջախջախված բանակ: Չես էլ կարող այդ մարդկանց ասածների վրա ծիծաղել կամ թեթեւ տանել` ասելով դե հիմա չեն հասկանում, դիլետանտներ են, որովհետեւ կանգնած ենք լուրջ խնդրի առաջ: Շարունակել հեքիաթներ ու լոլոներ կարդալը` վաղվա անվտանգ Հայաստանի մասին, ուղիղ ճանապարհ է Հայաստանը գերեզման իջեցնելու: Իսկ նրանք, ովքեր դեռ հավատում են իրենց ու ծափ են տալիս, ծափահարում են Հայաստանի վերջնականապես կործանմանը: Եթե ճիշտ պահին կանգ չառնենք, թեկուզ այն կորուստներով, որն արդեն ունենք, ամեն ինչ կկորցնենք: Բայց մենք բազմադարյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, եւ մեր բնազդը գոնե պետք է աշխատի, որ չկործանվենք եւ այս դավաճանական քայլերի հետեւանքով ձեւավորված խնդիրների կծիկի մեջ կարողանանք ոտքի կանգնել ու կանգնեցնել շարունակվող աղետը:

Ավելին ՝ տեսանյութում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ