Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են՝ շուրջ 2.5 անգամ. դատախազություն
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության 1360 դեպք, որոնցից 1100-ը (81 տոկոսը) եղել են ֆիզիկական և հոգեկան բռնության դրսևորումներ։ Նմանատիպ պատկեր է եղել նաև 2023 թվականին՝ 508 դեպքից 418-ը (82 տոկոս)։
Արձանագրվել է նաև բռնության առանձնապես ծանր դեպքերի աճ։ Եթե 2023 թվականին ընտանեկան և կենցաղային բռնության հետևանքով սպանության 3 դեպք էր արձանագրվել, ապա 2024 թվականին՝ 13։ Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերն էլ աճել են՝ 8-ից հասնելով 15-ի։
Դատախազությունը կարևորում է պետական մարմինների համագործակցությունը ընտանեկան բռնության դեմ պայքարի գործում։ Ըստ հաղորդման՝ 2024 թվականին Դատախազության ներկայացուցիչները շարունակել են մասնակցել ընտանեկան և կենցաղային բռնության հարցերով աշխատանքային քննարկումներին՝ կապ պահելով տարածքային ստորաբաժանումների և Ոստիկանության միջև՝ կոնկրետ քրեական վարույթների շրջանակում արդյունավետ արձագանք ապահովելու նպատակով։
2025 թվականի հունվարի 17-ին ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Դատախազության, Քննչական կոմիտեի և ՆԳ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Բացի այդ, Արդարադատության ակադեմիայում 2024 թվականին 35 դատախազ մասնակցել է վերապատրաստման ծրագրերի՝ բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի, կանխարգելման և իրավական արձագանքի թեմաներով։
