«40+10»–ին հետդարձ չի լինելու. արցախցիները հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը պատրաստվում է կրկին քննարկումներ անցկացնել հետագա քայլերը որոշելու համար։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, որը հստակ ասել է` «40+10» ծրագրին հետդարձ չկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:
Հանդիպմանն արցախցիները ներկայացրել են իրենց պահանջագրի 12 կետերը, որից միայն սոցիալական բաղադրիչի մասով է քննարկում եղել։
«Պատասխանը հստակ էր` «40+10»–ին հետդարձ ճանապարհ չի լինելու։ Մեր խորհուրդը պետք է լայն քննարկում ունենա և որոշենք մեր հետագա անելիքները, քանի որ մեր պահանջն այլ էր` «40+10»–ը պետք է այլընտրանք չունենա»,– նշեց խորհրդի անդամներից մեկը։
Մեկ այլ արցախցի էլ ասաց, որ հավանաբար գործողությունների կանցնեն, բայց չմանրամասնեց, թե հստակ ինչ են անելու։
Անդրադարձ է եղել նաև իրենց հուզող մեկ այլ հարցի` ՀՀ քաղաքացիություն ստանալիս ինչու է բռնի տեղահանվածների անձնագրերում ծննդավայրը նշվում Ադրբեջան։ Խաչատրյանն ասել է, որ Ադրբեջանը IKAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) կազմակերպությանն է դիմել դեռ 2015 թվականից, բայց բռնի տեղահանումից հետո է որոշվել, որ հենց այդ երկրի անունը նշվի։
Արցախցիները կառավարության մոտից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ նրանք հանրահավաքներ և հանրային քննարկումներ են անցկացնում մարտի 29-ից սկսած։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսուհետև աջակցություն է տրամադրելու միայն երեխաներին (մինչև 18 տարեկան), թոշակառուներին (63 տարեկանից բարձր), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին։ Եվ նույնիսկ նրանց համար աջակցությունը կնվազի ամսական մինչև 40 000 դրամ, իսկ հուլիսից` մինչև 30 հազար։