Թեհրանը որևէ երկրի հետ պատերազմի չի ձգտում. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում պատերազմի ոչ մի երկրի հետ, և որ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը տեղ չունի երկրի անվտանգության և պաշտպանության դոկտրինում, գրում է Mehr-ը։
Այս մասին նա նշել է հինգշաբթի ուշ երեկոյան Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ հեռախոսազրույցում, ընդգծելով, որ իսլամական երկրները կարող են ապահովել խաղաղություն, անվտանգություն և առաջընթաց ամենաբարձր մակարդակով իրենց և տարածաշրջանի համար՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա և ամրապնդելով իրենց միջև միասնությունն ու բարեկամությունը։
Եթե մահմեդական երկրները հաստատեն միասնություն և բարեկամություն միմյանց միջև, նրանք կարող են կանխել ճնշումներն ու հանցագործությունները որոշ իսլամական երկրների, այդ թվում՝ Պաղեստինի և Գազայի ճնշված ժողովրդի դեմ։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բեն Սալմանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Իրանի նախագահի՝ մուսուլման ժողովուրդների միասնության կոչի համար։
Նա լավատեսություն է հայտնել, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության աճը զգալի ձեռքբերումների կբերի տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ոլորտներում։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նաև ընդգծել է, որ Իրանի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների համագործակցությունը կարող է ամրապնդել խաղաղությունը տարածաշրջանում՝ վերահաստատելով Էր Ռիադի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում դեէսկալացիայի հետ կապված ցանկացած խնդրի լուծմանը։
