Ալեն Սիմոնյանը շուրջ երեք տասնյակ հայցեր է ներկայացրել հանրային, քաղաքական գործիչների և լրագրողների դեմ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վերջին հինգ տարում երեք տասնյակից ավելի հայցադիմումներ է ներկայացրել հանրային, քաղաքական գործիչների և լրագրողների դեմ, որոնցից միայն երկու տասնյակը՝ ԱԺ նախագահի պաշտոնում եղած ժամանակահատվածում:
Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատարաններում Ալեն Սիմոնյանի հայցադիմումների հիման վրա արդեն իսկ քննված, քննվող և նոր վարույթ ընդունված քաղաքացիական գործերը:
Այս ընթացքում Ալեն Սիմոնյանը, մասնավորապես պատվի և արժանապատվության պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի, հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանի, ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի, պատգամավոր Գեղամ Մանուկյնաի, պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանի, «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, Գեղամ Սիմոնյանի («alternativ.am»), «Վ․Ի․Վ․ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ» ՍՊԸ-ի, Հայկ Գևորգյանի (Iravunk.com) դեմ, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արեքնազ Մանուկյանի, հանրային, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի, լրագրող Անի Գևորգյանի, HZHAM.am կայքի խմբագիր Աննա Գևորգյանի, «Analitik.am» կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանի, «ՄԵԴԻԱՀԱԲ» ՍՊԸ-ի, լրագրող Վահե Մակարյանի, Աշոտ Անդրեասյան, «Երկիր» Խմբագրության, «Ժողովուրդ» թերթի, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու վերաբերյալ հայցադումներ ընդդեմ՝ Հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանի, «Հայելի» մամուլի ակումբի հիմնադիր-տնօրեն Անժելա Թովմասյանի և այլն:
Որպես կանոն հայցվոր կողմը գործերի մեծ մասի դեպքում միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ հայցագնի չափով պատասխանողին պատկանող գույքի, այդ թվում դրամական միջոցների վրա արգելանք դնել:
Դատարան ուղարկված ամենաթարմ հայցադիմումները ներկայացված են լրագրող Վահե Մակարյանի դեմ: Մասնավորապես Ալեն Սիմոնյանը երեք տարբեր դրվագով դատական հայց է ներկայացրել Վահե Մակարյանի և MediaHub կայքի դեմ։ Երեք հայցերով էլ Ալեն Սիմոնյանը լրագրողից պահանջում է հերքում և 1 մլն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում։ Նաև միջնորդել է դատարանին՝ 1 մլն դրամի չափով արգելանք դնել Վահե Մակարյանի հաշիվների վրա:
