Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա տղամարդն արդարացվեց

Վարչապետը նախորդ տարվա օգոստոսին այցելել էր Երևանի Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն, և բնակիչներից մեկը պատուհանից խնձոր էր նետել նրա ուղղությամբ:
 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած 72-ամյա Ալբերտ Առստամյանն արդարացվեց։
Քիչ առաջ նման որոշում կայացրեց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ։
«Դատարանն ապացուցված չի համարում Ալբերտ Նիկոլայի Առստամյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցակազմի առկայությունը»,- հայտարարեց դատավորը՝ պարզաբանելով, որ, ըստ էության, արդարացման որոշում է կայացվել։
Նշենք, որ Ալբերտ Առստամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախատեսված արարք կատարելու համար։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։
Նրան մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝

տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ

հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ

ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ

կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ

ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա օգոստոսին այցելել էր Երևանի Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն, և բնակիչներից մեկը պատուհանից խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: