Ռուսաստանը միշտ եղբայրական հայ ժողովրդի վիշտն ընկալել է որպես իր սեփականը. ԱԳՆ
Դեռևս 1915 թվականին, Զախարովայի խոսքով, ռուսական դիվանագիտության ղեկավարի նախաձեռնությամբ առաջատար երկրները Հայոց ցեղասպանությունը որակեցին որպես «մարդկության դեմ հանցագործություն»։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը միշտ եղբայրական հայ ժողովրդի վիշտն ընկալել է որպես իր սեփականը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 24-ին լրանում է 20-րդ դարի առաջին կեսի ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցը: Ռուսաստանում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընկալվել է որպես սեփական ցավ», – ընդգծեց Զախարովան։
Նա նշել է, որ 1915 թվականին Ռուսական կայսրության կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը՝ փրկեց ոչ պակաս, քան 350 հազար հայի կյանք։
Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումն այդ իրադարձությունների վերաբերյալ անփոփոխ է և հիմնված է հումանիստական սկզբունքների վրա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ` արդեն 1915 թվականին միջազգային հանրության խոշորագույն մասնակիցները տեղի ունեցողը որակեցին որպես «հանցագործություն մարդկության դեմ»։
«Ժամանակակից Ռուսաստանն առաջին երկրներից մեկն էր, որը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: 1995-ին և 2005-ին Պետդուման ընդունեց1915-1922 թվականներին հայերի ոչնչացումը դատապարտող որոշումները: 2015-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Հայաստան և մասնակցեց զոհերի հիշատակը հավերժացնող արարողությանը` խորը կարեկցանք հայտնելով հայ ժողովրդին», – նշել է նա։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ այդ օրը ՌԴ տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, հիշատակի միջոցառումներ են անցկացվում։ Դրանց մասնակցում են ոչ միայն հայ համայնքի, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Բոլորին միավորում է պատմության ողբերգական էջերի մասին հիշողությունը պահպանելու և քաղաքական նպատակներով դրանց աղավաղում կամ մոռացության մատնում թույլ չտալու ցանկությունը։
