Ադրբեջանցի պատգամավորին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Նախնական տվյալներով՝ նա «սև ցուցակում» է հայտնվել պատգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությունից հետո։
Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին ձերբակալել են Մոսկվայում և հետ ուղարկել Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանական պատվիրակությունը Մոսկվայով մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Պատվիրակության կազմում ընդգրկված Ազեր Բադամովը ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում, և նրան թույլ չեն տվել նստել Աստրախան թռչող ինքնաթիռ: Բադամովին հայտնել են, որ նրա մուտքը ՌԴ արգելված է։
Ենթադրվում է, որ Բադամովը «սև ցուցակում» է հայտնվել, երբ վիրավորական խոսքեր է հնչեցրել «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին։
Պատգամավորի հետ կատարվածին արդեն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Գերատեսչությունը հայտարարել է, որ ռուսական կողմն առանց որևէ նախազգուշացման է ձերբակալել Բադամովին։