Հինգ եվրախորհրդարանական Մոսկվա կժամանեն Հաղթանակի 80-ամյակը տոնելու համար. Spiegel

Մոսկվայից հետո գերմանացի պատգամավորները մտադիր են մեկնել Կիև և արդեն կապի մեջ են Ուկրաինայի դեսպանատան հետ՝ ուղևորությունը կազմակերպելու առիթով։
Եվրախորհրդարանի հինգ պատգամավորներից բաղկացած խումբը, այդ թվում՝ Գերմանիայի «Սառա Վագենկնեխթի միություն. հանուն բանականության և արդարության» կուսակցության երկու ներկայացուցիչ, այս շաբաթ կայցելեն Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական «Spiegel» ամսագրին։
Հրապարակման համաձայն՝ կուսակցության եվրապատգամավորներ Ռութ Ֆիրմենիխը և Միխայել ֆոն դեր Շուլենբուրգը կմասնակցեն միջազգային պատվիրակության կազմում, որի կազմում են նաև Չեխիայի, Սլովակիայի և Կիպրոսի խորհրդարանականները։ Երկօրյա այցը նվիրված է հիշարժան ամսաթվերին և համընկնում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հայտարարված հրադադարի հետ։
Այցի ընթացքում Մոսկվայում հանդիպումներ են նախատեսվում Պետդումայի պատգամավորների, ռուս քաղաքական գործիչների և մշակութային շրջանակների ներկայացուցիչների հետ։ Ինչպես գրում է ամսագիրը, Ֆիրմենիխը և ֆոն դեր Շուլենբուրգը հայտարարել են, որ հետաքրքրված են «Եվրոպայում անդադար աճող առճակատման և էսկալացիայի» հաղթահարմամբ։
Մոսկվայից հետո գերմանացի պատգամավորները մտադիր են մեկնել Կիև և արդեն կապի մեջ են Ուկրաինայի դեսպանատան հետ՝ ուղևորությունը կազմակերպելու առիթով։
Կուսակցության առաջնորդ Սառա Վագենկնեխթը հաստատել է Ռութ Ֆիրմենիխի մոսկովյան այցի մասին տեղեկությունը։ Նրա խոսքով՝ պատգամավորը կժամանի Հաղթանակի 80-ամյակի օրը Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ խոնարհելու համար։
«Նա չի մասնակցի ո՛չ շքերթին, ո՛չ էլ այլ պաշտոնական միջոցառումներին։ Ես չեմ տեսնում, ինչը կարելի է քննադատել այստեղ», – նրա խոսքերն է մեջբերում «Spiegel»-ը։