Հայաստանի իրավապահ մարմինները չարաշահում են կալանքը որպես խափանման միջոց. Թորոսյան

Ըստ Արսեն Թորոսյանի, շատ դեպքերում դա արվում է միայն ցանկալի ցուցմունք կորզելու համար:
Հայաստանի իրավապահ մարմինները չափազանց հաճախ են կալանքը կիրառում որպես խափանման միջոց, ու այսպիսով այս ինտիտուտը չարաշահվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ:
Թորոսյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին մի քանի տարիներին կալանքների թիվը կտրուկ աճել է, իսկ ապրիլի 1-ի դրությամբ, առհասարակ, ձերբակալվածների թիվը ՔԿ-ներում գերազանցել է դատապարտվածների թիվը։ Ըստ նրա, շատ դեպքերում դա արվում է միայն ցանկալի ցուցմունք կորզելու համար:
«Պարզվում է, որ դատախազությունը, քննչական կոմիտեն և մյուսները ստանձնում են դատարանների դեր՝ զրկելով մարդուն ազատությունից, և նրանց համար միևնույն է՝ նա մեղավոր է, թե ոչ։ Իհարկե, տեսականորեն անմեղ մարդիկ կարող են դիմել նյութական և բարոյական վնասի փոխհատուցման համար, բայց քանի՞ նման դեպք է եղել, ես այդպիսի դեպք չգիտեմ, բոլորն ասում են` շառից-փորձանքից հեռու, հազիվ պրծել ենք», — ասաց Թորոսյանը։
Նա հավելեց, որ եվրոպական մի շարք երկրներում ձերբակալվածների թիվը մի քանի անգամ պակաս է, քան բանտարկյալների թիվը, իսկ Հայաստանում հարաբերակցությունը 1:1-ի է:
«Այդ երկրներում նախ մտածում են, թե ինչպես հավաքեն ապացույցներ, և միայն դրանից հետո՝ ինչպես կիրառեն խափանման միջոց։ Հայաստանում հակառակն է, կարևորը` ձերբակալեն ու ոչինչ, որ հետո չեն կարողանում ապացուցել»,-ասաց նա:
Թորոյանը պատգամավորներին հորդորեց ավելի ուշադիր լինել և խնդիրը լուծելու համար հանդես գալ օրենսդրական նախաձեռնությաբ: