Դպրոցականների մասնակցությամբ դանակահարություն Երևանում․ 14-ամյա տղան հիվանդանոցում է

Կասկածյալ երեխան ծնողների ուղեկցությամբ տարվել է ոստիկանական բաժանմունք։
Երևանում դպրոցականների մասնակցությամբ դանակահարության հերթական դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկի հետնամասում։
Կայքի տեղեկություններով՝ 14-ամյա երկու տղաներ են վիճաբանել, վիճաբանության ժամանակ նրանցից մեկը մյուսին հարվածներ է հասցրել դանակով։
Տղան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ։ Բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը։
Ոստիկանները օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել են կասկածյալին, և ծնողների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ երեխան ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանություն։
Ծնողներն իրենց հետ տարել են նաև հանցագործության գործիք դանակը:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք՝ վերջին շրջանում հաճախակի են դարձել դպրոցականների մասնակցությամբ դանակահարության դեպքերը։ Վերջին աղմկահարույց դեպքը ապրիլի 20-ին էր տեղի ունեցել, արյունալի վիճաբանության հետևանքով դպրոցական էր մահացել։
Մայիսի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ վերջին տարիներին անչափահասների ներգրավմամբ և նրանց կողմից սառը զենքով հանցագործությունների կատարման մտահոգիչ վիճակագրություն կա։ Մշակվել է օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ անչափահասներին կարգելվի փականներով տարբեր, փոքր դանակների վաճառքը։