Չհավատալը մեռնելն է
Ամոթ ու խայտառակություն է, որ հայի նման հինավուրց ազգը, վերելքների ու վայրէջքների շարան անցած փորձառու ազգը երեկվա նորելուկների նման կուլ տվեց հեղափոխությունների խայծը, թույլ տվեց իր մեջ վառել նախանձի ու ատելության կրակն ու դուրս գալ՝ սերունդների փայփայած մի ափ հայրենիքն ավերելու:
Ոչ մի մագնիս այն հաջողությամբ չի կարող հավաքել մետաղի փշրանքները, ինչպես դրսի ուժերը հավաքեցին հայաստանյան բնակչության տականքին ու թառեցրին իշխանության ամբողջ տիրույթում՝ վարից վեր, աջից ձախ:
Բնավ, սա ազգի տականքը չէ, սա բնակչության մեջ ներդրված թշնամին է, անհուսալիորեն տգետ, ամեն գիտության հանդեպ ի բնե անկարող, այս կենդանին ագահությունից գազազած սպասում էր, թե երբ է գալու կշտանալու իր հերթը:
Կշտանալու ոչ միայն ստամոքսի պահանջմունքներով, այլև իր համար խորթ ու անմատչելի բարիքներով օժտված երկիրը փոշիացնելու բնազդով:
Մյուսներս, իհարկե, ազգ էինք, բայց աններելի ներողամտությամբ թույլ տվեցինք մեզ վերաբերվել որպես խառնակազմ բնակչության: Ջանքը վաղուց էր ներդրված, ուշ նկատեցինք: Նկատածը վերլուծվել է, փառք Աստծո, դրան հասու գլուխներ շատ ունենք, այժմ՝ ի գործ:
Հեշտ չի լինելու, դիմացն ամեհի պատնեշ է, բայց մի՞թե մեր լեռները մեզ չեն սովորեցրել իրենց գագաթները նվաճելու գաղտնիքները:
Մի՞թե մեր գետերը չեն սովորեցրել իրենց խոլական ընթացքը սանձելու գաղտնիքները:
Մեր քարքարոտ հողը չի սովորեցրել համբերությամբ աշխատելու գաղտնիքները:
Ոգի՛ն, հայի անմեռ ոգին չի ուսուցանել հաղթելու և ապրելու դասը:
Վհատությունը ևս թշնամի է, այսօր այն շատերին է թուլացրել, բայց ուշքի գալու միջոց կա, հարկավոր է գլխներից դուրս շպրտել քարոզչական չիպերն ու մտածել ինքնուրույն՝ հայավարի:
Ամեն կարգի ներքին տարաձայնությունները հարկավոր է մոռանալ ու իրար վստահել: Սա չի կարող չանել նա, ով իրեն հայ է զգում:
Հավաքական հայություն՝ ահա վերածնության բանալին: Ես որ՝ սրան հավատում եմ:
6.02.2021թ.