ՌԴ քաղաքացիների տարհանման համար ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը որոշ մանրամասներ է հայտնել Իրանից և Իսրայելից ռուսաստանցիների տարհանման մասին:
Հունիսի 14-ից սկսած Իրանից Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ սահմանի հսկիչ անցակետերով անցել է Ռուսաստանի շուրջ 900 քաղաքացի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ՌԴ քաղաքացիները Հայաստան են մուտք գործել «Ագարակ» սահմանային անցակետով։
Եվս 130 ռուսաստանցի լքել է Իսրայելը Հորդանանի և Եգիպտոսի տարածքով։
Ինչպես նշել է Զախարովան, այս բոլոր օրերին հայրենակիցներին աջակցելու հսկայական աշխատանք են կատարել ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումները, դեսպանատները, ավիափոխադրողները, զբոսաշրջային ընկերությունները: Համակարգված աշխատանքը շարունակվում է նաև հիմա, նշել է դիվանագետը։
«Ռուսաստանը երախտապարտ է Հայաստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Իսրայելի, Հորդանանի, Թուրքմենստանի իշխանություններին ՌԴ քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած աջակցության համար», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները: Իրանը հերքել է մեղադրանքները՝ պատասխան հարձակումներ սկսելով։ Կողմերը 12 օրվա ընթացքում հարվածներ են փոխանակել, որոնց միացել է նաև ԱՄՆ-ը՝ հունիսի 22-ի գիշերը ռմբակոծելով Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։
Դրանից հետո Թեհրանը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի Էլ Ուդեյդի ռազմակայանին՝ հայտարարելով, որ իրանական կողմը մտադիր չէ հետագա էսկալացիայի գնալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանից հետո հույս է հայտնել, որ Կատարում ամերիկյան ռազմակայանին հարվածելով Իրանը «լիցքաթափել է», և այժմ հնարավոր է Մերձավոր Արևելքում խաղաղության և համաձայնության հասնել: Նա նաև հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը պայմանավորվել են հրադադար կնքել, որը 24 ժամվա ավարտից հետո պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտ»: