Խոսակցությունը բովանդակալից էր. Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Մակրոնի հեռախոսազրույցը

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը բավական բովանդակալից էր: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տեղի է ունեցել կարծիքների հանգամանալի փոխանակում։ Դա լավ հնարավորություն էր դիրքորոշումները միմյանց հասցնելու համար», — ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է նաև, որ զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
«Նախաձեռնությունը ֆրանսիական կողմինն էր։ Բայց տեղյակ եք, որ նախագահ Պուտինը բազմիցս խոսել է երկխոսություն վարելու իր պատրաստակամության մասին», — ասել է Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ հուլիսի 1-ին ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նրանք քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, իրանա-իսրայելական առճակատումը և Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները: Նշվում է, որ առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումների հնարավոր համակարգման նպատակով: