Բաքուն Մոսկվային հնարավորություն չի տվել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին․Զախարովա

Ռուսական գործակալության լրագրողները երկար տարիներ աշխատել են Բաքվում, և դա չի հարուցել որևէ կողմի դժգոհությունը։
Բաքուն շարունակում է Մոսկվային հնարավորություն չտալ այցելելու ՌԴ քաղաքացիներին, այդ թվում` Sputnik Ադրբեջանի լրագրողներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ռուսական գործակալության լրագրողները երկար տարիներ աշխատել են Բաքվում, և դա չի հարուցել որևէ կողմի դժգոհությունը։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները պահպանել են մասնագիտական էթիկան և հյուրընկալող երկրի օրենքները:
«Այդ հարցը բազմիցս դրել ենք Ադրբեջանի առաջ։ Մենք նաև խնդրել ենք այցելել Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, սակայն նման հնարավորություն չի տրվել։ Հույս ունենք, որ նրանք, ովքեր ցանկանում են փչացնել երկկողմ հարաբերությունները, զերծ կմնան հետագա սադրիչ քայլերից», — ասել է Զախարովան։
Նա նաև կոչ է արել ռուսաստանցիներին Ադրբեջան ուղևորություններ պլանավորելիս հաշվի առնել ներկայիս իրավիճակը:
«Դա երկու կողմերի կողմից բարձրաձայնված խնդիրների քննարկում էր։ Հետևաբար, սա պարզապես արձանագրում չէր։ Ակնհայտ է, որ մի շարք ասպեկտներ կամ պահեր, որոնք մենք այժմ դիտարկում ենք, մեղմ ասած, չեն նպաստում երկկողմ հարաբերություններին, այլ միայն վատթարացնում են դրանք։ Այս ամենի մասին հայտարարվել է դեսպանին», – հավելել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսական ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո բանակցություններ էին ընթանում իրավական հարցերի շուրջ՝ Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։
Սակայն Եկատերինբուրգում սպանությունների և մահափորձերի պատճառով ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալության պատճառով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին հունիսի 30-ին Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություն են իրականացրել։ ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։
Արդյունքում ձերբակալվել է 7 մարդ, այդ թվում՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ավելի ուշ նրանք 4 ամսով կալանավորվեցին։
Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողներին: ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, բողոք է հայտնել նրան և նոտա է փոխանցել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ: