Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հուլիսի 10–ին կհանդիպեն Աբու Դաբիում

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսին Տիրանայում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10–ին կհանդիպեն Աբու Դաբիում։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այսօր Աբու Դաբիում նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում հուլիսի 10-ին Աբու Դաբիում երկկողմ հանդիպում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև»,– ասված է հաղորդագրությունում։
Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են մայիսին Ալբանիայի Տիրանա քաղաքում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։