ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը

Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրադադարից հետո Ուկրաինայում հնարավոր տեղակայման համար ֆրանս-բրիտանական զորակազմը կկազմի մինչև 50 հազար մարդ:
Ուկրաինայում զինվորականներ տեղակայելու ցանկության հարցում եվրոպական առաջնորդների համառությունը հակառուսական տրամադրությունների ընդհանուր կտավի մաս է կազմում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Կրեմլում հիասթափված են, որ Եվրոպայում հաշվի չեն առնում այդ հարցի վերաբերյալ Մոսկվայի միանգամայն հասկանալի, հետևողական ազդակները, մինչդեռ այդ թեման կարևոր է Ռուսաստանի համար։
«Իհարկե, օտարերկրյա զորամիավորումների տեղակայումը Ուկրաինայի տարածքում՝ մեր սահմանների մոտ, մեզ համար անընդունելի է։ Եվրոպական ղեկավարների նման համառությունն իհարկե տեղավորվում է ներկայիս տրամադրությունների՝ ռազմատենչ, առճակատման, հակառուսական տրամադրությունների ընդհանուր կտավի մեջ։ Այս կապակցությամբ կարելի է միայն ափսոսանք հայտնել»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հրադադարից հետո Ուկրաինայում հնարավոր տեղակայման համար ֆրանս-բրիտանական զորակազմը կկազմի մինչև 50 հազար մարդ: Նրա խոսքով՝ «ֆրանս-բրիտանական միացյալ արշավային ուժերը» կոչված են Ուկրաինայում հրադադարի պահպանումը երաշխավորող ապագա միջազգային ուժերի հիմքը դառնալ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը 2024 թվականին հայտնել էր, որ Արևմուտքը Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար երկրում տեղակայելու է այսպես կոչված խաղաղապահ զորախումբ՝ մոտ 100 հազար մարդ: Արտաքին հետախուզության ծառայությունում կարծում են, որ դա կնշանակի Ուկրաինայի փաստացի օկուպացիա։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում օտարերկրյա խաղաղապահների տեղակայման հարցում փոխզիջման հնարավորություն չի տեսնում: Նախարարը հստակեցրել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորախմբի տեղակայման դեպքում Արևմուտքի երկրները չեն ցանկանա համաձայնեցնել խաղաղ կարգավորման պայմանները, քանի որ այդ զորախումբը «փաստեր կստեղծի գետնի վրա»: ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինա «խաղաղապահներ» ուղարկելու ԵՄ որոշ երկրների ծրագրերը սադրիչ քայլ են՝ ուղղված Կիևի իշխանությունների անառողջ պատրանքների պահպանմանը: