Հսկիչները զինված են սարքավորումներով․ Երևանի փոխքաղաքապետը` տրանսպորտում տուգանելու մասին

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չհստակեցրեց, թե երբ կբերեն խոստացված 240 նոր ավտոբուսները։
Հանրային տրանսպորտում հսկիչներն արդեն 2 օր է, ինչ ստուգումներ են իրականացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Նա համոզված է, որ տրանսպորտի համար չվճարող քաղաքացիները ստիպված են լինելու պատասխանատու վարքագիծ դրսևորել։
Ինչպես հայտնի է, հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը։ Հուլիսի 28–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, ինչին կհաջորդեն Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար դասընթացները։
«Հսկիչները շրջելու են, զինված են համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավորություն ունեն ստուգել՝ քաղաքացին տրանսպորտում վճարում իրականացրել է, թե ոչ։ Մենք տուգանելով գումարի հավաքագրման խնդիրը չենք ուզում լուծել, այլ ուզում ենք, որ քաղաքացիները վճարեն սահմանված ուղեվարձը։ Կոշտ մոտեցում չկա։ Եթե քաղաքացին անտեղյակ է, մենք պետք է համոզված լինենք, որ չարամտորեն չի խուսափում ուղեվարձից»,– ասաց Գրիգորյանը։
Դիտարկմանը, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ չի ասել, որ տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումների պատճառով կասկածի տակ է նոր շարժակազմեր ձեռք բերելը, Սուրեն Գրիգորյանը արձագանքեց՝ առանց նոր ավտոբուսների գնման վերջնաժամկետ նշելու։ Չասաց նաև, թե քաղաքացիները դեռ ինչքան են կանգառներում երկար սպասելու հանրային տրանսպորտին։
«Երբ մենք ասում ենք, որ մեզ պետք է լրացուցիչ 240 18– մետրանոց ավտոբուս, նշանակում է, որ առկա շարժակազմը բավարար չէ ամբողջությամբ պատշաճ որակ ապահովելու համար։ Եթե հնարավոր լիներ առկա շարժակազմով իդեալական պայման ապահովել, որ մարդիկ չսպասեին, հարց կառաջանար՝ ավելին ինչու ենք գնում։ Իմ կարծիքով՝ շարունակաբար բարելավվում է ավտոբուսների սպասելու ժամանակահատվածը, որովհետև ամեն գործարկման ժամանակ զեկուցվում է գիծ դուրս եկող շարժակազմերի քանակի մասին։ Բայց այսօրը իդեալական չէ, սեպտեմբերին էլ չի լինելու իդեալական, քանի դեռ Երևան քաղաքը չունի այն շարժակազմի քանակը, որն իրեն անհրաժեշտ է»,– ասաց Գրիգորյանը։
Փոխքաղաքապետի գնահատմամբ՝ քաղաքացիները ակնառու տեսնում են, թե ուր է գնում հանրային տրանսպորտի գումարը ուղեվարձի բարձրացումից հետո։ Որպես օրինակ նա բերեց մետրոյում շարժասանդուղքների փոխարինումը։
Հիշեցնենք` օրենսդրական վերջին փոփոխությունների համաձայն` հանրային տրանսպորտից օգտվող ուղևորը կտուգանվի, եթե մեկ րոպեի ընթացքում չվավերացնի իր տոմսը։ Եթե քաղաքացին օգտվում է զեղչված կամ անվճար տոմսից, սակայն չի վավերացնում այն տրանսպորտի մեջ, կտուգանվի 3000 դրամով։ Եթե տոմս էլ չունի ու չի վճարել՝ 10 հազար դրամով։ Ավելի խիստ է տուգանքը, եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ մարդ երթևեկի։ Այս դեպքում տուգանքը 15 հազար դրամ է։