Հայաստանի բնությունն ուշադրության կենտրոնում է․ «Համագործակցություն հանուն կենդանի լանդշաֆտների» աշխատաժողովը Վայոց ձորում

Հայաստանի բնության պահպանության հարցերը կրկին հայտնվեցին ուշադրության կենտրոնում՝ հուլիսի 23-24-ը Վայոց ձորի գեղատեսիլ Արենի համայնքում անցկացված «Համագործակցություն հանուն կենդանի լանդշաֆտների» խորագրով աշխատաժողովի շրջանակներում։ Այս կարևոր իրադարձությունը միավորել էր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բնապահպանական կազմակերպությունների և պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանն ուղղված հրատապ հարցերն ու ձեռքբերումները։

Բացման նիստին ողջույնի խոսքով հանդես եկան Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, KfW ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը, ինչպես նաև WWF-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Գիորգի Սանադիրաձեն և WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը։

Միջազգային փորձագետներ Սյու Սթոլտը և Նայջլ Դուդլին (Equilibrium Research, IUCN WCPA) ներկայացրին OECM-ի մեխանիզմները և դրանց ներդրման միջազգային փորձը՝ ընդգծելով, որ պահպանության ոչ ավանդական մոդելները՝ ինչպես OECM-ը, կարող են լինել կենսաբազմազանության կորուստը զսպելու և Կունմինգ-Մոնրեալի շրջանակային նպատակներին հասնելու արդյունավետ ճանապարհ։ «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն Փուլ II» (ԷՄՀ) ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու, Յերնի Սթրիթին ներկայացրեց տարածաշրջանում էկոլոգիական միջանցնքների ձևավորման գործընթացի ընթացքն ու ձեռքբերումները, իսկ ծրագրի ազգային համակարգող Արմեն Շահբազյանը ներկայացրեց համայնքահեն կառույցների հետ համագործակցության փորձը և համայնքային պահպանաության կայունության համար անհրաժեշտ նախապայմանները (օրենսդրական ճանաչում, ստեղծված կարողությունների պահպանում, եկամուտի աղբյուրների ձևավորում, մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի հետևանքների մեղմացում, իրազեկվածության բարձրացում):

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին բնապահպանական ոլորտի մի շարք առանցքային թեմաներ։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում էին՝

  • Կենսաբազմազանության ծրագրեր. Քննարկվեցին Հայաստանի յուրահատուկ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ընթացիկ և նոր ծրագրերը, դրանց արդյունավետությունն ու ապագա զարգացման հեռանկարները։
  • Էկոմիջանցքների ծրագիր. Մասնակիցները կարևորեցին էկոմիջանցքների ստեղծման և պահպանման դերը կենդանական աշխարհի անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու և գենետիկական բազմազանությունը պահպանելու գործում։
  • Համայնքապետարանների և այլ դերակատարների հետ բնապահպանական գործընկերության կարևորությունը. Ընդգծվեց տեղական ինքնակառավարման մարմինների և տարբեր շահագրգիռ կողմերի (ՀԿ-ներ, բիզնես) ներգրավվածության անհրաժեշտությունը բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման համար։
  • Ծրագրի իրականացման 10 տարիների ձեռքբերումներն ու փորձը. Մասնակիցները ներկայացրեցին անցած տասնամյակի ընթացքում իրականացված բնապահպանական ծրագրերի հաջողությունները, ձեռքբերված փորձն ու դասերը, որոնք կծառայեն ապագա նախաձեռնությունների հիմք։
  • Էկոցանցի գաղափարի կարևորությունը. Քննարկվեց էկոցանցերի ստեղծման և ամրապնդման հայեցակարգը՝ որպես բնական համակարգերի փոխկապակցվածությունն ապահովող և կայուն զարգացմանը նպաստող կարևոր գործիք։
  • Տեղի ուժերի ներգրավումը. Կարևորվեց տեղական համայնքների ներգրավվածությունը բնապահպանական գործընթացներում՝ որպես կայուն և երկարաժամկետ արդյունքների հասնելու գրավական։ Համայնքների ակտիվ մասնակցությունը նպաստում է բնության պահպանության հանդեպ պատասխանատվության բարձրացմանը։

Համաժողովի կարևորագույն բաղադրիչներից էր Նորավանքի կիրճ դաշտային այցը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան դիտարկել բեզոարյան այծերի և ծանոթանալ տվյալ տարածքի կառավարման փորձին, որն իրականացվում է Արենիի «Արփա» բնապահպանական հիմնադրամի կողմից:

«Համագործակցություն հանուն կենդանի լանդշաֆտների» աշխատաժողովը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի բնական հարստությունների պահպանման հրատապությունը և միջազգային համագործակցության անհրաժեշտությունը այս ոլորտում։ Նման հարթակները նպաստում են փորձի փոխանակմանը, նոր մոտեցումների մշակմանը և համատեղ ջանքերի համադրմանը՝ հանուն Հայաստանի բնության կայուն ապագայի։