Փաշինյանն ու Պուտինը զրուցել են հեռախոսով. մանրամասներ

Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետ և ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը»,– ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները և քաղաքական երկխոսությունը։
Կրեմլի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները: Վլադիմիր Պուտինը կարևորել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության ապահովմանը նպաստող քայլերը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ ։
Զրույցի ընթացքում նշվել է, որ ռուսական կողմը պատրաստ է 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան աջակցել հայ – ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորմանը` ներառյալ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Պուտինը պատմել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին:
«Հայաստանի վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը»,– ասված է Կրեմլի հաղորդագրությունում։
Բացի այդ, ըստ Մոսկվայի հաղորդագրության, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցերի՝ շեշտադրելով Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրաներդրումային համագործակցության և փոխգործակցության հետագա զարգացումը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։