Հնդկաստանի դեսպանն Իջևանում է. ցուցարար հնդիկների բարձրացրած հարցերն են քննարկվում

Իջևանի «Իջ գրանդ տեքստիլ» ընկերության տնօրենն ու դեսպանն այս պահին քննարկում են խնդիրը։
ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան աշխատավարձի բարձրացում պահանջող, գործադուլ անող հնդիկ բանվորների խնդրի կապակցությամբ ժամանել է Իջևան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Իջևանի «Իջ գրանդ տեքստիլ» ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը։
Օգոստոսի 7–ին լուր տարածվեց, որ մի քանի տասնյակ հնդիկներ օգոստոսի 6–ի երեկոյան փակել են Իջևան-Երևան միջպետական ճանապարհը` պահանջելով, որ գործատուն վճարի իրենց աշխատավարձը։ Ավելի ուշ ընկերության տնօրենը Sputnik Արմենիային հայտնեց, որ հնդիկները ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում, մինչդեռ նրանց հետ կա կնքած 3 տարվա աշխատանքային պայմանագիր, իսկ բարձրացված պահանջները հնարավոր չէ բավարարել։
«Այս պահին Հնդկաստանի դեսպանն այստեղ է, փորձում ենք լեզու գտնել»,– ասաց Միրզոյանը։
Տնօրենը խոստացավ ավելի ուշ հայտնել հանդիպման մանրամասները։
Նշենք, որ կարի արտադրամասում աշխատում են Հնդկաստանի 205 քաղաքացիներ և 170 հայեր։