Ֆինլանդիայի խորհրդարանի անդամը ինքնասպան է եղել խորհրդարանի շենքում. «Փաստինֆո»

Ֆինլանդիայի խորհրդարանի շենքում  պատգամավոր է ինքնասպան եղել։ «Փաստինֆո»-ի  փոխանցմամբ ՝ այս մասին հայտնել են ֆիննական լրատվամիջոցները։

«Օգոստոսի 19-ին խորհրդարանի շենքում մարդ է մահացել։ Ոստիկանությունը զանգ է ստացել Արտակարգ իրավիճակների կենտրոնի միջոցով», — գրել է Yle պորտալը՝ հղում անելով Հելսինկիի ոստիկանության վարչությանը։ Ոստիկանությունը այս գործում դեռևս որևէ հանցավոր գործունեություն չի տեսնում։ Դեպքի վայրում աշխատում են մի քանի ոստիկանական պարեկային խմբեր և արտակարգ իրավիճակների ծառայություններ։

Խորհրդարանի անվտանգության տնօրեն Աարո Տոյվոնենը լրատվամիջոցներին չի մեկնաբանել՝ մահացածը պատգամավոր էր, թե՞ խորհրդարանի աշխատակից, կամ արդյոք մահը պատահական էր։ Միաժամանակ նա չի հերքել «Իլտալեհտի» թերթի այն լուրը, որ պատգամավորը ինքնասպան է եղել խորհրդարանի շենքում։ Հրատարակությունը նշել է, որ մահացած պատգամավորի ինքնությունը հայտնի է, սակայն նրա անունը չի հրապարակվի մինչև նրա հարազատների հետ կապ չհաստատվի։