Երկու գիշեր անընդմեջ տեսանելի կլինի առաջին աշնանային գերլուսինը

Լիալուսնի ճշգրիտ պահը ընկնում է հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07:47-ին։
Երկու գիշեր անընդմեջ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Հերթական լիալուսինը, որը տեսանելի կլինի հաջորդ երկու անընդմեջ գիշերներին (հոկտեմբերի 6-7 և հոկտեմբերի 7-8), ինչպես սպասվում է, կլինի տարվա ամենագեղեցիկներից մեկը։ Լիալուսինը իր ուղեծրով կգտնվի Երկրին ամենամոտ կետում և, համապատասխանաբար, երկնքում կհայտնվի իր առավելագույն չափին մոտ։ Չնայած այս փոփոխությունները համեմատաբար փոքր են (ամենամեծ լուսինը ընդամենը 13%-ով մեծ է ամենափոքրից), պայծառության տարբերությունը կարող է հասնել 25%-ի կամ ավելիի, ինչը սովորաբար բավականին նկատելի է»,-գրել է նա։
Լիալուսնի ճշգրիտ պահը ընկնում է հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07:47-ին։ Սա նշանակում է, որ ՀՀ տարածքի համար հոկտեմբերի 6-7-ի և հաջորդող հոկտեմբերի 7-8-ի գիշերները միատեսակ բարենպաստ կլինեն լուսինը դիտարկելու համար Լուսնի լուսավորության և բավական ցածր ամպամածության առումով: Միայն Լոռու և Տավուշի մարզերում ամսի 6-ին ամպամածությունը կարող է խանգարել վայլել այդ գեղեցկությունը, իսկ 7-ին պայմանները առավել բարենպաստ կլինեն գերլուսինը դիտելու համար:
«Անգլիական ավանդույթում հոկտեմբերյան լուսինը կոչվում է Բերքահավաքի լուսին։ Այսպիսով, եթե որևէ մեկը դեռ չի հանել իր կարտոֆիլը, ապա դրա համար իսկական ժամանակն է»,-կատակով հավելել է Ազիզյանը։