ՀՀ ՄԻՊ-ի դեմ վարույթ է հարուցվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ «Ժողովուրդ»

Անահիտ Մանասյանի նկատմամբ վարույթը նախաձեռնվել է քաղաքացու դիմումի հիման վրա։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը հարցում էր կատարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզելու, թե ինչ հիմքով և ում դիմումի հիման վրա է վարույթ նախաձեռնվել։
«Հանձնաժողովը, քաղաքացու դիմումի հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ։ Այն այժմ գտնվում է ընթացքի փուլում»,- հայտնել են հանձնաժողովից։
Միաժամանակ նշել են, որ վարույթը ներառում է մասնավոր անձանց անձնական կյանքին վերաբերող գաղտնի և զգայուն տվյալներ, հետևաբար ընթացիկ փուլում չեն կարող մանրամասներ տրամադրել ո՛չ վարույթի իրականացման, ո՛չ էլ դիմողի ինքնության մասին։