Արվում է ամենօրյա աշխատանք. Փաշինյանը՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի մասին
Հայաստանի կառավարությունն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ կատարում է ամենօրյա աշխատանք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:
«Ե՞րբ կլինեն արդյունքներ, երբ որ կլինեն, կտեսնենք: Ինչո՞ւ եմ այսպես ասում, ոչ թե նրա համար, որ ինչ-որ ինֆորմացիա ունեմ, որը չեմ ուզում կիսել, այլ իմ փորձը ցույց է տալիս՝ մինչև որևէ մեկը սահմանը չի հատել և չի հայտնվել Հայաստանի տարածքում, ազդարարել նման հնարավորության մասին, առնվազն լուրջ չէ»,- ասաց վարչապետը:
Ադրբեջանը շարունակում է ապօրինի անազատության մեջ պահել 19 հայերի, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանք կեղծ մեղադրանքներով դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկումների։
