Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել

Չինաստանը և Ռուսաստանը կկատարելագործեն համագործակցության մեխանիզմները և կամրապնդեն երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև Պեկինում կայացած բանակցություններից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։

«Կողմերը կշարունակեն ամրապնդել երկու երկրների զինված ուժերի միջև ավանդական բարեկամությունը, խորացնել փոխադարձ վստահությունը ռազմական ոլորտում, կատարելագործել համագործակցության մեխանիզմները, ընդլայնել համատեղ վարժանքների, օդային ու ծովային պարեկությունների պրակտիկան, ամրապնդել համակարգումն ու փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, համատեղ արձագանքել տարբեր մարտահրավերներին և սպառնալիքներին, ինչպես նաև պահպանել գլոբալ և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը», — նշվում է փաստաթղթում։

Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը փաստաթղթով ամրագրել են, որ պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը քրեական հետապնդումից կայուն միջազգային հարաբերությունների երաշխիք է։

Նրանք անընդունելի են համարել տարատեսակ հակամարտությունների պարագայում ստիպելն ինքնիշխան պետություններին հրաժարվել իրենց չեզոքությունից։

Պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ աշխարհում չկա համընդհանուր զարգացման ուղի կամ «առաջին կարգի» երկրներ։ «Ընդհանուր խնդիրների լուծման միակողմանի մոտեցումները, գերիշխանությունը և հարկադրանքի քաղաքականությունը ցանկացած ձևով անընդունելի են։ Բոլոր պետություններն ազատ են ընտրելու իրենց օտարերկրյա գործընկերներին և միջազգային փոխազդեցության մոդելները։ Աշխարհում գերիշխանությունն անընդունելի է և պետք է արգելվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են արտահայտվել «մարդու իրավունքների օգտագործմանը՝ որպես պետությունների ներքին գործերին միջամտելու պատրվակ»։

Նրանք դատապարտել են օտարերկրյա պետությունների ակտիվների և ունեցվածքի արգելափակման, առգրավման կամ բռնագրավման հետ կապված նախաձեռնությունները։

Երկու երկրների ղեկավարները կարծիք են հայտնել, որ Ճապոնիայի արագացված վերառազմականացումը լուրջ սպառնալիք է խաղաղությանը և կայունությանը։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Մոսկվան և Պեկինը վճռականորեն դեմ են Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության վրա ճնշմանը, այդ թվում՝ արտաքին քաղաքական մեկուսացմանը և պատժամիջոցներին։